Մատչելիության հղումներ

Երեկ վիրավորված զինծառայողները փորձում էին փրկել իրենց ծառայակցին


ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյան

Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում երեկ հակառակորդի կողմից սպանված զինծառայողից բացի, կան նաև երկու վիրավորներ, որոնք փորձել էին փրկել սպանված Վաչե Չիլինգարյանին։

«Հրամանատարը, որը գնացել է զինծառայողին օգնություն ցուցաբերելու, ևս վիրավորվել է: Օպերատիվ խումբը, որը մեկնել է դեպքի վայր՝ պարզելու հանգամանքները, մեքենան ևս ընկել է կրակի տակ, և այդտեղ զինվորը թեթև վիրավորում է ստացել», - լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը՝ հավելելով․ - «Վիրավորները շատ թեթև են»:

Գլխավոր շտաբի պետն այսօր բանակ էր ճանապարհում այս տարվա առաջին զորակոչիկներին։ Նրա փոխանցմամբ՝ անցած տարվանից ուժի մեջ մտած «Զինվորական ծառայության մասին» օրենքի նոր փոփոխությունների համաձայն որոշակի արտոնություններ են սահմանվել․ - «Հանվել է հիսուն կիլոմետր հեռու ծառայելու այդ արգելքը: Ցանկացած զինծառայող կարող ա վիճակահանության ժամանակ զորակոչվել իր բնակության մոտ վայրում: Հանվել է արտոնություններից օգտվող զինծառայողների՝ մինչև հիսուն կիլոմետր ծառայության վայրը, և դրա փոխարեն մտցվել է արտոնություն, որ այդ զինծառայողները ծառայելու են երկրորդ կամ երրորդ կարգի զորամասերում՝ մարտական հերթապահությունում չընդգրկված զորամասերում»:

Փոփոխվել է նաև զորակոչի ընթացքում սննդի կազմակերպման գործընթացը։ Նորակոչիկներին պատրաստի սնունդ է տրամադրվելու մինչև զորամաս հասնելը։

Նախքան զորամասեր մեկնելը նորակոչիկները կենտրոնական հավաքակայանում հասցրեցին համտեսել զինվորների համար նախատեսված ուտեստները։ Տնային կերակուրը, իհարկե, կկարոտեն, բայց բանակի սննդին կհարմարվեն:

«Եթե հարմարվում են բոլորը, ես էլ կհարմարվեմ», - ասաց զորակոչիկներից մեկը:

Անդրադառնալով զորակոչիկների տարեցտարի նվազող թվին՝ Գլավոր շտաբի պետն ասաց, որ այս տարի նույնպես նվազում է գրանցվել, ինչը, սակայն, «չի անդրադառնում բանակի մարտունակության վրա»․ - «Այսօր մոտավորապես 65 տոկոսը պայմանագրային զինծառայողներ են»:

Անդադառնալով շարուկանաբար հնչող մտահոգություններին, թե բանակ են զորակոչվում առողջական խնդիրներով երիտասարդներ՝ Մովսես Հակոբյանը հայտարարեց՝ բանակին վատառողջ զինվորներ պետք չեն․ - «Եթե որևէ անօրինականություն է կատարվել զորակոչիկի հանդեպ, ապա մենք պատրաստ ենք պատասխանատվություն կրել տվյալ վատառողջ զինվորին զորակոչելու համար»:

Մինչդեռ, հենց հավաքակայանից դուրս զինվորներին բանակ ճանապարհող ծնողների մեջ հանդիպեցինք մարդկանց, որոնց երեխաները զորակոչվում էին, թեև, ծնողների պնդմամբ, առողջական խնդիրներ ունեն:

«Ինքը ողնաշարի խնդիր ունի, մեկ էլ անոթային խնդիրներ ունի», - պնդեց զորակոչիկներից մեկի մայրը:

Ծնողների հիմնական ցանկությունն ու մտահոգությունը, այդուհանդերձ խաղաղության ապահովումն է․ - «Միայն մտածում եմ, որ մեր երկրին խաղաղություն լինի, մեր զինվորները ուրախ գնան, ուրախ վերադարնան: Ամենալավ բաներն եմ ցանկանում երեխաներին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG