Հունվարի 1-ից թանկացումները, ըստ նախկին սոցապ նախարար, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի, «ամենևին էլ անսպասելի չէին»։
Պետրոսյանը նշեց՝ խմբակցությունը բազմիցս նշել է, որ իշխանությունների վարած հարկաբյուջետային քաղաքականության, Հարկային օրենսգրքում կառավարության նախաձեռնած փոփոխությունները կյանքի կոչելու դեպքում թանկացումներն անխուսափելի են։
«Ցավալին այն է, որ այս թանկացումները չեն զուգորդվում պետության կողմից քաղաքացիների սոցիալական պաշտպանությանն ուղղված համահունչ միջոցառումներով։ Շարունակ կա գնաճ, թանկացում, և դրան զսպող որևէ մեխանիզմ չի կիրառվում։ Ասում են՝ «չկա բյուջեում փող, չենք կարող բարձրացնել աշխատավարձ, բյուջեում փող չկա, կենսաթոշակ չենք կարող վերանայել»։ 2005 թվականից, երբ ուժի մեջ մտավ Աշխատանքային նոր օրենսգիրքը, այնտեղ առանձին իրավանորմով անդրադարձ կար աշխատավարձերի ինդեքսացման հարցին, հիմա ո՛չ աշխատավարձն է ինդեքսավորվում, ո՛չ կենսաթոշակը, բա մարդն ինչպե՞ս դիմակայի այս թանկացումներին։ Շարունակ հարկային բեռն ավելանում է, դա ճնշում է փոքր և միջին բիզնեսի նկատմամբ, իսկ եթե փոքր և միջին բիզնեսը Հայաստանից հեռանում է, պետության ազգային անվտանգությունը խիստ խոցելի է դառնում», - ասաց պատգամավորը։
Հիշեցնեն՝ հունվարի 1-ից 10-15 տոկոսով բարձրացել են բենզինի, դիզվառելիքի ու ավտոմեքենաների լիցքավորման գազի գները:
Եթե մոտ մեկ ամիս առաջ, օրինակ, Regular տեսակի բենզինն արժեր 390 դրամ, հունվարի 1-ից երևանյան բենզալցակայաններում մեկ լիտրը վաճառվում է 430 դրամով, գյուղացիների համար անհրաժեշտ դիզվառելիքը՝ 390 դրամից հասել է 440-ի: Ամենից շատը թանկացել է գազը․ վարորդներն արդեն մեկ խորանարդ մետր սեղմված գազի դիմաց վճարում են 210-220 դրամ, մինչդեռ անցած տարվա վերջին լիցքավորում էին 180-190 դրամով: