Մատչելիության հղումներ

Ուրուգվայի Պունտա Դել Էստե քաղաքում բացվեց Հայաստանի Հանրապետություն հրապարակ


Ուրուգվայ - Հայաստանի Հանրապետություն հրապարակի բացումը Պունտա Դել Էստեում, 7-ը հունվարի, 2018թ․

Երեկ Ուրուգվայի Մալդոնադո նահանգի ամենահռչակավոր ծովափնյա հանգստավայր Պունտա Դել Էստեի սրտում բացվեց «Հայաստանի Հանրապետություն» անունը կրող հրապարակ, և այնտեղ տեղադրվեց Հայաստանի Իջևան քաղաքի կողմից նվիրաբերված՝ հայ կնոջը ձոնված մի քանդակ:

Հրապարակի անվանակոչումը օրենքով իրականացվել է 2015 թվականին՝ բավարարելով Հայաստանի նախկին պատվավոր հյուպատոս Ռուբեն Աբրահամյանի նախաձեռնությունը:

Արարողությանը ներկա էին ու ելույթներ ունեցան Ուրուգվայի տուրիզմի նախարար Լիլիամ Քեշիշյանը, Մալդոնադոյի նահանգապետ Էնրիկե Անտիան, Մալդոնադոյի նահանգապետարանի մշակույթի հարցերով պատասխանատու Խորխե Սեսփետեսը, Պունտա Դել Էստեի քաղաքապետ Անդրես Խաֆիֆը, Հայաստանի դեսպան Էսթերա Մկրտումյանը և Հայ Առաքելական եկեղեցու Ուրուգվայի թեմի առաջնորդ Հակոբ արքեպիսկոպոս Գելենջյանը:

«Ազատության» այն հարցին, թե ինչո՞ւ փոխվեց հուշարձանի իմաստը, երբ որոշման մեջ նշվում է, որ այն պիտի ձոնվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, դեսպան Մկրտումյանը պատասխանեց ․ - «Հաշվի առնվեց, որ Ուրուգվայում կան բազմաթիվ խաչքարեր և հուշարձաններ Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված, առաջարկը եղել է Մալդոնադոյի նահանգապետարանի կողմից, որպեսզի Հայաստանը ճանաչեն այլ խորհրդանիշներով, և համահունչ լինի այս քաղաքին և զբոսաշրջությանը»:

Ձեռնարկի ընթացքում բոլոր ելույթ ունեցողները նշեցին, որ Ուրուգվայը Հայոց ցեղասպանությունը ճանաչած առաջին պետությունն է աշխարհում:

Դիեգո Կարամանուկյան, Պունտա Դել Էստեից

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG