Մատչելիության հղումներ

Մոուրինյոն հրապարակավ ներողություն է խնդրել Մխիթարյանից


«Մանչեսթր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյո, արխիվ
«Մանչեսթր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյո, արխիվ

Անգլիական «Մանչեսթր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հրապարակավ ներողություն է խնդրել թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանից՝ հայտարարելով, թե Միկին արժանի չէր իր կողմից ցուցաբերված վերաբերմունքին:

Պորտուգալացի մարզչի այս անսպասելի հայտարարությունները հնչում են նրա և հայ ֆուտբոլիստի միջև ամիսներ տևած այլևս անթաքույց լարված հարաբերությունների ֆոնին:

Խաղաշրջանի խոստումնալից մեկնարկից հետո Մխիթարյանը շաբաթներ շարունակ դուրս էր մնում պայքարից՝ երբեմն չհայտնվելով անգամ պահեստայինների նստարանին: Մոուրինյոն դժգոհ էր Մխիթարյանից և բարձրաձայն խոսում էր այդ մասին, իսկ արևմտյան մամուլը գրեց, թե Մխիթարյանի ապագան «Մանչեսթր Յունայթեդ»-ում անորոշ է, և չի բացառվում, որ մարզիկը հունվարին հեռանա ակումբից:

Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում «Դերբի Քաունթի»-ի նկատմամբ հաղթանակից հետո Մոուրինյոն խոստովանեց, որ ներողություն է խնդրել Մխիթարյանից: Մխիթարյանը խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում և խաղաց 45 րոպե՝ երկրորդ խաղակեսում նրան փոխարինեց Ռոմելու Լուկակուն:

«Անարդար էր խաղակեսին Մխիթարյանին խաղադաշտից դուրս բերել: Եվ ես ասացի նրան այդ մասին: Ինձ դուր չեկավ այն, ինչ արեցի: Նա արժանի չէր դրան, քանի որ լավ էր խաղում: Ճիշտ է, մի քանի սխալ փոխանցումներ կատարեց, բայց լավ դինամիկա էր հաղորդում թիմին», - ասել է «Մանչեսթր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչը:

Մոուրինյոյի այս խոստովանությունը նշանակո՞ւմ է արդյոք, որ այլևս անցյալում են «Մանչեսթր Յունայթեդ»-ից Մխիթարյանի հեռանալու մասին ակտիվորեն շրջանառվող խոսակցությունները: Ինքը 28-ամյա ֆուտբոլիստը լուռ է: Մինչ այդ, արևմտյան մամուլը գրում է, որ «Յունայթեդ»-ի գործադիր տնօրեն Էդ Վուդվորդը Մխիթարյանի դիմաց համաձայն է ընդունել 15 միլիոն ֆունտ ստերլինգի առաջարկը, որ իբր արել է Դորտմունդի «Բորուսիա»-ն՝ իր նախկին խաղացողին վերադարձնելու համար:2016-ին Մխիթարյանը «Մանչեսթր Յունայթեդ» է տեղափոխվել 30 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG