Մատչելիության հղումներ

Ուկրաինան պետք է խորհրդային տարիները ճանաչի որպես բոլշևիկյան և կոմունիստական օկուպացիա. Վյատրովիչ


Վլադիմիր Վյատրովիչ, արխիվ

Ուրբաթ օրը՝ հունվարի 5-ին, Ուկրաինայի Ազգային հիշողության ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Վյատրովիչը հայտարարել է, որ Ուկրաինան, որպես 1917 թվականին ռուսական կայսրության փլուզման հետևանքով ստեղծված Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետության իրավահաջորդ, պետք է խորհրդային տարիները ճանաչի որպես բոլշևիկյան և կոմունիստական օկուպացիա։

Հիշեցնենք՝ Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետությունը ստեղծվել էր 1917-ի նոյեմբերին, անկախ հռչակվել 1918-ի փետրվարին, իսկ 1919-ի հունվարին բոլշևիկները գրավել են այն։

Վյատրովիչի հայտարարությունը Մոսկվայում բուռն քննարկումների տեղիք է տվել։ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը երեկ հայտարարել է՝ եթե Ուկրաինան խորհրդային տարիները ճանաչի օկուպացիա, ապա պետք է հրաժարվի մի շարք շրջաններից՝ երկրի կեսից, քանի որ այդ շրջանները Ուկրաինան ձեռք է բերել խորհրդային տարիներին։ Խոսքը Խարկովի, Դնեպրոպետրովսկի, Դոնբասի, Օդեսայի, Ղրիմի, ինչպես նաև երկրի արևմտյան շրջանների մասին է։

Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչևը, իր հերթին, ասել է, թե հնարավոր չէ Խորհրդային Միության պատմությունը բաժանել ազգային պատմությունների, հավելելով, որ դա «դավաճանների և ստախոսների» մոտեցումն է։

«Եթե պաշտոնական Կիևը գնա նման քայլի, ապա կարող է վերջակետ դնել ոչ միայն Ղրիմի պատկանելիության հարցի շուրջ քննարկումներին, այլ նաև այն մի շարք շրջանների հարցին, որոնք խորհրդային տարիներին արհեստականորեն դարձել են Ուկրաինայի մաս», - ասել է Կոնստանտին Կոսաչևը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG