Մատչելիության հղումներ

Ռուսաստանի ԳԴ վերաքննիչ կոլեգիան ևս մերժեց Նավալնիի դիմումը


Ալեքսեյ Նավալնի, արխիվ
Ալեքսեյ Նավալնի, արխիվ

Ռուսաստանի Գերագույն դատարանի վերաքննիչ կոլեգիան մերժել է Ալեքսեյ Նավալնիի բողոքը նախագահի պաշտոնում առաջադրվելու արգելքի հարցով՝ ուժի մեջ թողնելով Գերագույն դատարանի դեկտեմբերի 30-ի որոշումը:

Գերագույն դատարանի այդ որոշումն, իր հերթին, հաստատում էր ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը, համաձայն որի, ընդդիմադիր գործիչն իրավունք չունի առաջադրվելու «Կիրովլեսի» գործով դատվածություն ունենալու պատճառով:

Նավալնին պնդում է, որ արգելքը ապօրինի է՝ վկայակոչելով ՌԴ Սահմանադրությունը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը: ՄԻԵԴ-ը, հիշեցնենք, ռուսաստանյան իշխանություններից պահանջել է վերանայել «Կիրովլեսի» գործով վճիռը: Նավալնիի փաստաբանը հայտարարել է, որ քաղաքական գործիչն այժմ պատրաստվում է դիմել Գերագույն դատարանի նախագահությանը, իսկ մերժում ստանալու դեպքում՝ Սահմանադրական դատարան:

ԿԸՀ-ի կողմից իր թեկնածության գրանցումը մերժելուց հետո Նավալնին աջակիցներին կոչ է արել բոյկոտել մարտի 18-ի ընտրությունները: Հունվարի 28-ին նրա համախոհները մտադիր են զանգվածային բողոքի ակցիաներ կազմակերպել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG