Մատչելիության հղումներ

Վերին Լարսի անցակետը թեև բացվել է, բայց մեքենաների կուտակումները շարունակվում են


Ավտոմեքենաների կուտակումներ Լարսի անցակետում, արխիվ

Արդեն մի քանի օր է ավտոմեքենաների կուտակումները վերին Լարսում շարունակվում են։ Այսօր առավոտյան Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկության համաձայն, ռուսական կողմում կուտակված է 124 տրանսպորտային միջոց, այդ թվում՝ 65 բեռնատար և 59 մարդատար մեքենաներ:

Ըստ հաղորդագրության՝ սահմանային անցակետի տարածքում տեղակայված է մեկ ջեռուցման կետ, կազմակերպվում է մոր և մանկան համար նախատեսված սենյակի աշխատանքը: Ձեռնարկվում են նաև բնակչության իրազեկման միջոցառումներ, այդ թվում՝ ռադիոհաղորդակցության միջոցով: Անցակետի ռուսական կողմում մնացած վարորդների և ուղևորների մեջ կան նաև հայեր: Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանը։ Ըստ նրա՝ հատկապես ծանր է բեռափոխադրողների վիճակը, քանի որ Լարսի անցակետը վերջին երկու օրերին միայն մարդատար մեքենաների համար էր բացվել։ «Մեծ մասը հայկական ավտոմեքնաներ են: Պատճառը հիմնականում բնակլիմայական պայմաններն են, ձյուն է եկել»,- ասաց Համբարձումյանը:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ ռուսական կողմի օպերատիվ ծառայությունները տեղում փորձում են լուծել ձյան պատճառով ճանապարհին մնացածներին անհրաժեշտ օգնություն տրամադրելու հարցը։ Ըստ բեռնափոխադրողների միության նախագահի, սակայն, որքան էլ հաղորդում են անհրաժեշտ պայմաններ ստեղծելու մասին, միևնուն է՝ իրականում կիլոմետրերով ձգվող կուտակումների մեջ մնացած մարդիկ օրերով ապրում են անմարդկային պայմաններում․ «Բեռնատարների հերթը հաճախ ձգվում է 8-ից 10 կլիլոմետր, էնտեղ ի՞նչ պայմաններ կարող են լինել»:

Համբարձումյանն ասում է՝ ամեն տարի ձմռանը Լարսում նույն պատմությունն է կրկնվում: Նրա բնորոշմամբ՝ «կյանքի ճանապարհի» փակվելը լուրջ վնասներ է հասցնում հայ բեռնափոխադրողներին ու արտահանողներին։ Հերբերտ Համբարձումյանը վստահ է՝ խնդրի միակ լուծումն այլընտրանքային ճանապարհի կառուցումն է, ինչը, սակայն, անմիջականորեն կախված է ռուս-վրացական հարաբերություններից։

Հիշեցնենք՝ Լարսին այլընտրանք գտնելու անհրաժեշտության մասին տարեվերջին խոսել էր նաև արտաքին գործերի նախարար էդվարդ Նալբանդյանը։ Հանրային հեռուսաընկերության հետ զրույցում նա անդրադարձել էր Վրաստանի վարչապետի այն հայտարարությանը, ըստ որի՝ «ֆորս-մաժորային իրավիճակներում», երբ փակվում է Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային ճանապարհը, Հայաստանը կարող է օգտվել Հարավային Օսիայի և Աբխազիայի տրանսպորտային միջանցքներից։ Նալբանդյանը նաև ընդգծել էր՝ Հայաստանը, ինչպես որևէ այլ երկիր, շատ շահագրգռված է՝ ունենալ այլընտրանքային ճանապարհներ:

«Սա գործընթաց է, ու ես կնախընտրեի առաջ չընկնել և հայտարարություններ չանել: Տեսնենք՝ ինչպես կզարգանա, և ըստ արդյունքների արդեն կդատենք: Ինչ վերաբերում է Վրաստանի վարչապետ պարոն Կվիրիկաշվիլիի հայտարարությանը, ապա մենք խորը հարգանքով ենք վերաբերվում Վրաստանի վարչապետի հայտարարություններին»,- հարցազրույցում ասել էր Հայաստանի արտգործնախարարը:

Հայաստայնի տրանսպորտի նախարարությունից քիչ առաջ ստացված հաղորդման համաձայն, Լարսի ավտոճանապարհը հունվարի 4-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ բաց է եղել տրանսպորտային բոլոր միջոցների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG