Մատչելիության հղումներ

Ըստ Express-ի՝ Մոուրինյոն արգելափակում է Մխիթարյանի հնարավոր տրանսֆերը


«Մանչեսթր Յունայթեդի» մարզիչ Ժոզե Մոուրինյոն չի թույլատրում Հենրիխ Մխիթարյանին՝ Միլանի «Ինտեր» տեղափոխվել վեցամսյա վարձակալության պայմանագրով: Մոուրինյոն, ենթադրաբար, հետաքրքրված է ֆրանսիացի Անտուան Գրիզմանին (Մադրիդի «Ատլետիկո») ձեռք բերելու գործարքով, գրում է բրիտանական մամուլը:

Express կայքը նշում է, որ այս մրցաշարը Հենրիխ Մխիթարյանը փայլուն սկսեց, սակայն նոյեմբերից՝ «Չելսի»-ից կրած պարտությունից հետո դուրս մնաց «Մանչեսթր Յունայթեդ»-ի հիմնական կազմից, և չի բացառվում, որ հունվարյան տրանսֆերների շրջանում նա հեռանա թիմից:

Ըստ Daily Star-ի, Միլանի «Ինտեր»-ի գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետին տրանսֆերների շրջանում իր առաջին թիրախն է համարում Հենրիխ Մխիթարյանին: Այս մասին գլխավոր մարզիչն ասել է ակումբի ղեկավարների հետ այս շաբաթվա սկզբում կայացած հանդիպմանը: Լուչիանո Սպալետին ասել է, որ իրեն դուր է գալիս Մխիթարյանի բազմակողմանի խաղը և նշել, որ հարձակողական ոճի կիսապաշտպանը մեծ հաջողություն կունենա Իտալիայի առաջնությունում:

Սակայն ՈՒԵՖԱ-ի «Ֆինանսական արդար խաղ»-ի կանոնակարգի համաձայն՝ Իտալիայի ֆուտբոլի առաջնության առաջատար ակումբներն այս հունվարի ընթացքում չեն կարող ֆուտբոլիստների հետ հիմնական պայմանագրեր կնքել, հնարավոր է կատարել միայն կարճաժամկետ վարձակալության գործարքներ, ինչին Մոուրինյոն դեմ է:

Հաղորդվում է նաև որ «Յունայթեդ»-ի գործադիր տնօրեն Էդ Վուդվորդը Մխիթարյանի դիմաց համաձայն է ընդունել 15 միլիոն ֆունտ ստերլինգի առաջարկը, որն իբր արել է Դորտմունդի «Բորուսիա»-ն՝ իր նախկին խաղացողին վերադարձնելու համար: 2016-ին Մխիթարյանը «Մանչեսթր Յունայթեդ» էր տեղափոխվել 30 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG