Մատչելիության հղումներ

ԵՄ - Հայաստան համաձայնագիրը անցած տարվա գլխավոր ձեռքբերումն է


«Ազատության» հետ զրույցներում Եվրամիության և Հայաստանի միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը 2017-ի գլխավոր ձեռքբերումների շարքում են տեսնում թե՛ իշխանության և թե՛ ընդդիմության ներկայացուցիչները:

«Շատ ավելի արդար և արդյունավետ պետություն ունենալու հնարավորություն է», - ասաց ՀՀԿ ներկայացուցիչ, Ազգային ժողովի նախկին նախագահ Սամվել Նիկոյանը:

Ընդդիմադիրները, սակայն, թերահավատ են՝ ընձեռված հնարավորությունն այլ բան է, դրա օգտագործումը՝ միանգամայն այլ: Նրանք վստահ չեն, թե Հայաստանի իշխանությունը կգնա իրական բարեփոխումների ճանապարհով:

«Սա լուրջ ձեռքբերում է, բայց սա ևս մի շանս է, որ մենք կարող ենք բաց թողնել», - ասաց «Ելք» խմբակցությունից Էդմոն Մարուքյանը: - «Ռեֆորմներ կան, որ չեն խանգարում իշխանությանը վերարտադրվել: Այդ ռեֆորմները կանեն։ Ռեֆորմներ կան, որ խանգարում են իշխանության վերարտադրվել: Այդ ռեֆորմները չեն անի: Օրինակ, այնպիսի ազատությունների ապահովում, որոնք հնարավորություն կտան քաղաքացիական հասարակության մարմիններին, քաղաքական ուժերին զարգանալ, հզորանալ: Բարեփոխում, որը դատական համակարգը համակարգը կդարձնի անկախ, անվերահսկելի իշխանության կողմից, չեն անի, որովհետև դատական համակարգը իրենց պետք է անընդհատ այդ գավազանը իրենց ձեռքին ունենալ»:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյան․ - «Կկարողանա՞ Հայաստանը այդ հաջողության բանալուց օգտվել․ սա մեծապես կախված է Հայաստանի քաղաքականությունն իրականացնողներից: Կոռուպցիայի դեմ պայքար, խոսքի ազատություն, տնտեսական մենաշնորհ․․․ Կունենա՞ այս իշխանությունը քաղաքական կամք՝ կտրելու այն ճյուղը, որի վրա նստած է: Ես չեմ հավատում: Բայց թող ես լինեմ մեր երկրի ամենավերջին վատատեսը, բայց էս հաջողության հնարավորությունը մենք կարողնանք ճիշտ և գրագետ օգտագործել»:

Տարվա ձեռքբերումները թվարկելիս ընդդիմության և իշխանության ներկայացուցիչների տեսակետները մի հարցում էլ համընկան՝ երբ խոսք գնաց ղարաբաղյան հիմնահարցից:

«Միջազգային կազմակերպությունների հնչեցրած մտքերը, գաղափարները, մոտեցումները համահունչ են Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի արտահայտած մտքերին և շահերին: Այդ իսկ պատճառով այս տարի մենք ունեցել ենք համեմատաբար հանգիստ վիճակ սահմանում», - ասաց Սամվել Նիկոյանը:

«Ելք» դաշինքի պատգամավոր, նախկին վարչապետ Արամ Սարգսյան․ - «Արտաքին քաղաքական առումով որոշակի ձեռքբերումներ ունեցանք: Համենայն դեպս, այն դիվերսիոն խմբերը, որոնք ամեն շաբաթ խախտում էին Հայաստանի սահմանները, այս տակտիկան արդեն դուրս եկավ գործունեությունից, որովհետև մեր սահմանային տարածքում տեսախցիկներ դրվեցին, որոնք վերահսկում են իրավիճակը»:

2017-ի ձախողումներից ընդդիմադիրները երկար խոսեցին․ նախ անդրադարձան խորհրդարանական ընտրություններին:

Արամ Սարգսյան․ - «Գործող իշխանությունը հորինեց մի նոր մեխանիզմ՝ ավելի սահուն ընտրակեղծիքներ անելու, որի անունը ընտրակաշառքով ընտրություններն են, որն ամբողջությամբ արվում է ընտրատեղամասից դուրս և վերահսկողության մեխանիզմներ դնել հնարավոր չի: Շատ դրական եմ գնահատում Եվրամիության կողմից տրված գումարները, որոնց միջոցներով ընտրատեղամասերում հնարավորություն ունեցանք տեսանկարահանելու: Մատնահետքերի մեխանիզմը, որը ինչ-որ չափով կրկնակի քվեարկությունները և բացակա մարդկանց քվեարկությունները բացառեց»:

Էդմոն Մարուքյանն այդ ընտրությունները բնորոշեց որպես «միլիարդատերերի պայքար»․ - «Իրական համամասնական ընտրակարգ չներդրվեց, և ընդդիմադիր ուժերը մրցակցության անհավասար պայմաններում հայտնվեցին: Սա մեծ բացթողում եղավ, և Հայաստանը շանս ուներ օգտագործելու այս հնարավորությունը և ավելի լավ խորհրդարան ձևավորելու»:

2017-ի ամենամեծ բացթողումը Մարուքյանը հենց խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակն է համարում․ - «Ընտրությունների արդյունքը բոլորի համար անակնկալ էր, որովհետև Հանրապետական կուսակցությունը արձանագրեց այս վատ սոցիալական պայմաններում, այս դժգոհության, ցածր ռեյտինգի պայմաններում ամենաբարձր արդյունքները: Այդ բարձր արդյունքները նրանք կարող էին կապիտալիզացնել՝ լուրջ ռեֆորմներ անելով: Նրանք կարող էին հետո գոնե գործ անել, մարդկանց ցույց տալ, որ, փողով եք ընտրել, մեզ ոնց եք ընտրել, մենք դա արդարացնում ենք: Բայց դա չարվեց․ էլի մոնոպոլիստներ, էլի թալանչիներ․․․ էլի գող-ավազակները մնացին, անպատժելիությունը նույն ձևով շարունակվեց»:

«Ծառուկյան» դաշինքից Նաիրա Զոհրաբյանն ասաց՝ ձախողումների պակաս չի եղել՝ սոցիալ-տնտեսական ծանր վիճակ, աղքատություն, արտագաղթ, արտաքին պարտքի ծանր բեռ․ - «Աղքատությունը 30 տոկոս չէ, ինչպես փաստում է վիճակագրությունը, շատ ավելին է։ Հայաստանի ամեն երրորդ քաղաքացին աղքատ կամ շատ աղքատ է: Դա իրենց թիվն է: Այսինքն մի երկրում, որտեղ հաստատ երեք միլիոն մարդ չի ապրում, մեկ միլիոնը պաշտոնապես աղքատ է, ի՞նչ ձեռքբերումների մասին կարելի է խոսել»:

Կարեն Կարապետյանի կառավարությունը դեռ մեկ տարի է աշխատում, ուստի ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ավելորդ է համարում խոսել շոշափելի արդյունքների մասին: Նա, սակայն, համոզված է, որ կորուստներ 2017-ին չեն եղել․ - «Տնտեսական աճը այս պայմաններում եթե մենք կարողացել ենք ապահովել, իսկ դա նշանակում է, որ հիմքերը դրված են մյուս տարիների ընթացքում ավելի կոնկրետ տնտեսական աճեր: 2018 թվականին, որ չի բարձրացել աշխատավարձերը և թոշակները, դրա հիմքերը դրվել են, որ 2019 թվականին մենք այդ խնդիրներին անդրադառնանք»:

Սերժ Սարգսյանը կշարունակի՞ իր պաշտոնավարումը արդեն որպես վարչապետ:Փոփոխված սահմանադրությամբ այս տարվա ապրիլից երկրի թիվ մեկ պաշտոնյան հենց վարչապետն է լինելու։

Այս առնչությամբ Արամ Սարգսյանն ասաց, որ Հայաստան-ԵՄ համաձայնագիրն ու Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետի պաշտոնավարումը անհամատեղելի են․ - «Համացանցում պտտվում է Սերժ Սարգսյանի տասը խոստումները, որոնք ինքը տվել և չի արել: Ես կուզենայի, որ էդ տասը խոստումներից առաջինը, որտեղ Սերժ Սարգսյանն ասում է, որ Սահմանադրության փոփոխությունները նրա համար չեն, որ ինքը նորից առաջադրվի, որ ինքը ո՛չ վարչապետ, ո՛չ նախագահ չի առաջադրվելու: Կուզենայի, որ էդ հոլովակը սարքողները սխալ դուրս գան, Սերժ Սարգսյանն իր ասած էդ խոսքը պահի և մնա տասից էդ իննը»:

Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալը, ըստ Էդմոն Մարուքյանի, սցենարներից մեկն է․ - «Կան տարբեր սցենարներ և էդ սցենարները վերջին պահին են աշխատեցվելու: Կարծում եմ, բացի մի մարդուց կամ մի երկու հոգուց, ոչ մեկը չգիտի, թե ով է լինելու Հայաստանի վարչապետը: Կարող եմ կանխատեսել, որ Հայաստանի չի դառնալու խորհրդարանական երկիր: Հայաստանը կլինի վարչապետական երկիր, որտեղ կա մի մարդ, որը ամեն ինչ կորոշի, դա կլինի վարչապետը, իսկ խորհրդարանը չունի և չի ունենա բավարար քաղաքական, սահմանադրական և ԱԺ կանոնակարգի ուժով տրված լծակներ՝ փոխզսպելու և հակակշռելու գործադիր իշխանությանը»:

Նաիրա Զոհրաբյանը չի էլ ուզում կանխատեսել՝ Սերժ Սարգսյանը կշարունակի՞ իր պաշտոնավարումը ապրիլից հետո, թե՞ ոչ․ - «Դա «Բարգավաճ Հայաստանի», «Ծառուկյան» դաշինքի օրակարգի հարց չէ․․․ Եթե մենք ստանայինք մեծամասնություն՝ 50 գումարած մեկ ձայն, ապա մենք կունենային վարչապետի մեր թեկնածուն, դա կլիներ Գագիկ Ծառուկյանը: Այս պարագայում ես չեմ էլ փորձի քննարկել, որովհետև դա կոնկրետ ինձ և «Ծառուկյան» դաշինքին չվերաբերվող հարց է: Կա քաղաքական մեծամասնություն, իրենց որոշելու հարցն է»:

Սամվել Նիկոյանը նույնպես չցանկացավ կանխատեսել․ - «Սա այն թեման է, որ կանխատեսումների դաշտում կամ եղունգ նայելով չպետք է առաջնորդվել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG