Իրանի պետական հեռուստաընկերության հաղորդմամբ, այսօր մի շարք քաղաքներում ու բնակավայրերում փողոց են դուրս եկել տասնյակ հազարավոր կառավարամետ ցուցարարներ՝ վերջին օրերի հակակառավարական ցույցերից ու բախումներից հետո, որոնց հետևանքով առնվազն 22 մարդ է զոհվել:
Եվրամիության առաջնորդներն ու Միացյալ Նահանգները դատապարտել են մարդկային զոհերն ու հարյուրավոր ընդդիմադիրների ձերբակալությունները:
Վաշինգտոնը պնդում է, թե անհրաժեշտ է այս հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ անցկացնել:
«Թեհրանը պետք երաշխավորի խաղաղ ցույցեր ու հավաքներ անցկացնելու իրավունքը», - հայտարարել է ՄԱԿ-ում Նահանգների դեսպան Նիկի Հեյլին:
Ավելի վաղ Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել էր, թե Իրանի թշնամիները միավորվել են՝ երկրի իշխանություններին հարվածելու համար:
Երկրի նախագահ Հասան Ռոհանին դատապարտել է բռնությունները՝ միաժամանակ կոչ անելով կառավարությանը՝ «ստեղծել հնարավորություններ օրինական քննադատության ու ցույցերի համար»: