Մատչելիության հղումներ

Թրամփը խստորեն քննադատում է Պակիստանին, Իսլամաբադը պատասխանում է


Պակիստան - ԱՄՆ նախագահի հայտարարությունների դեմ բողոքի ցույց Լահորում, 2-ը հունվարի, 2018թ.

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը 2018-ի թվիթերյան իր առաջին գրառումներից մեկով խիստ քննադատել է Միացյալ Նահանգների դաշնակից համարվող Պակիստանին։

«Վերջին 15 տարիների ընթացքում նրանք մեզնից ստացել են 33 միլիարդ դոլար, իսկ մենք ոչինչ չենք ստացել խաբեությունից բացի: Նրանք մեր ղեկավարներին հիմարի տեղ են դրել», - Թվիթերում գրել է Թրամփը:

Նա Իսլամաբադին մեղադրել է իսլամիստ գրոհայիններին թաքցնելու մեջ, որոնց դեմ ԱՄՆ-ը պայքարում է Աֆղանստանում: Թրամփն ասել է, թե նման միակողմանի հարաբերություններին վերջ կտրվի:

Պակիստանի պաշտպանության նախարար Խուրրամ Դաստգիր-Խանը ի պատասխան Թվիթերում գրել է, որ իր երկիրը միշտ ԱՄՆ-ի հավատարիմ դաշնակիցն է եղել ահաբեկչության դեմ պայքարում: Ամերիկացի զինվորականներին ռազմակայաններ ու կապի միջոցներ են տրամադրել, փոխանցել են հետախուզական տվյալներ, «սակայն ԱՄՆ-ը միայն վիրավորում և անվստահություն է հայտնում», - գրել է Պակիստանի պաշտպանության նախարարը, նշելով, որ ստացած յուրաքանչյուր սենթի համար կարող են հրապարակավ հաշվետվություն տալ:

Սպիտակ տունը երկուշաբթի օրը հայտնեց, որ Պակիստանին չի փոխանցի 255 միլիոն դոլարի ռազմական օգնությունը, որը հաստատվել էր 2016 թվականին: Վաշինգտոնը պահանջում է Պակիստանի տարածքում վերջ տալ «Թալիբան» շարժմանը աղերսվող խմբավորումներին, Իսլամաբադն ասում է, որ այդ ուղղությամբ անում է առավելագույնը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG