Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունում (ԱԻՆ) Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը այսօր ժամը 10-ի դրությամբ փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Ռուսաստանի ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության ՃԿԿ-ից Հայաստանի ԱԻՆ-ում ստացված տեղեկատվության համաձայն՝ դեկտեմբերի 31-ին Լարսի սահմանային անցակետը հատել է 90 բեռնատար: Ըստ նույն աղբյուրի՝ ռուսական կողմում կա կուտակված 84 տրանսպորտային միջոց:
Կազմակերպված է Հյուսիսային Օսիայի գլխավոր վարչության օպերատիվ շտաբի և օպերատիվ խմբերի համագործակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների և այլ օպերատիվ ծառայությունների հետ՝ տեղում մարդկանց կենսագործունեության պայմաններն ապահովելու համար: Վերին Լարս անցակետի տարածքում տեղակայված է 2 ջեռուցման կետ, կազմակերպվում է մոր և մանկան համար նախատեսված սենյակի աշխատանքը: Ձեռնարկվում են բնակչության իրազեկման միջոցառումներ, այդ թվում՝ ռադիոհաղորդակցության միջոցով, ասված է հաղորդագրությունում։