Անցած ուրբաթ երեկոյան 10 օրով պատժախուց տեղափոխվելուց հետո հացադուլ հայտարարած «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Արայիկ Խանդոյանը պահվում է անմարդկային պայմաններում, «Ազատությանը» փոխանցեց նրա փաստաբանը։ Արայիկ Պապիկյանը անցած շաբաթ օրն է տեսակցել պաշտպանյալին։
«Ամենաարտառոցը այն է, որ նրան մի խուց են տեղափոխել, որը զուրկ է եղել ամենանվազագույն պայմաններից: Հացադուլ է հայտարարել անձը, գտնվում է պատժախցում, որը չի ունեցել ապակի, խցի ներսում ջերմաստիճանը եղել է զրոյից ցածր», ֊ պատմեց փաստաբանը:
Արայիկ Պապիկյանն ասաց, որ զինված խմբի անդամը ծայրահեղ այս քայլով իր բողոքն է արտահայտում իշխանությունների հետապնդումների դեմ, ինչպես նաև զորակցում է հացադուլի մեջ գտնվող «Սասնա ծռերի» անդամներ Սմբատ Բարսեղյանին և Արմեն Բիլյանին։ Բարսեղյանն արդեն 10, իսկ Բիլյանը 15 օր է հրաժարվել են սննդից՝ պահանջելով իրենց Նուբարաշենի բանտից տեղափոխել համեմատաբար լավ պայմաններ ունեցող «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։
Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ արգելված իր պահելու համար պատժախուց տեղափոխված Խանդոյանն ամենևին էլ անմարդկային պայմաններում չի պահվում։ Խոսնակ Գոռ Ղլեչյանն ասաց, որ դեռ պատժախուց տեղափոխելուց առաջ են խցի ապակին փոխել։
Պապիկյանը նշում է, որ երիկամների հիվանդություն ունեցող պաշտպանյալին, ով մինչ պատժախուց տեղափոխվելը բժիշկների հսկողության տակ էր գտնվում, ենթարկում են հետապնդման իր արած հայտարարությունների համար․ ֊ «Խանդոյանին չէի կարողանում լռեցնել դատական նիստերի ընթացքում նրա կողմից հնչեցված բողոքների շուրջ, որով նա իր անհամաձայնությունն էր հայտնում ապօրինությունների դեմ: Բողոքում էր դատարանում այն մասին, որ չկա անհատականացված մեղադրանք, դատարանում չի քննարկվում նրանց իրականացրած գործողության բուն շարժառիթը, ինչը քրեական իրավունքի իմաստով պարտադիր պահանջ է»:
Պապիկյանը շեշտում է՝ որպես «Միայնակ Գայլ» հայտնի Արայիկ Խանդոյանի մոտ անցած ուրբաթ օրը Նուբարաշենի բանտի ղեկավարությունը արգելված իր է հայտնաբերել, ինչի համար էլ բանտի ղեկավարությունը դեկտեմբերի 29-ին աշխատանքային օրվա ավարտին որոշում է կայացրել նրան տեղափոխել պատժախուց։ Ասում է՝ պատժախուց տեղափոխելու օրը հատուկ են ընտրել, որպեսզի ինքը բողոքարկելու հնարավորություն չունենա։
Պապիկյանը սկզբում հրաժարվեց նշել, թե մասնավորապես ինչ իր է իր մոտ պահել Խանդոյանը։ «Ազատության» հարցին, թե հնարավո՞ր է, որ հեռախոս է հայտնաբերվել պաշտպանյալի մոտ, ասաց՝ կապի միջոց է։ ֊ «Այսպես կասեմ՝ կապի միջոց է, որը առևտրի առարկա է հանդիսանում քրեակատարողական հիմնարկներում», ֊ մանրամասնեց նա:
2016-ի հուլիսի 17-ին Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված Արայիկ Խանդոյանը մեղադրվում է կազմակերպված խմբի կողմից ապօրինի զենք փոխադրելու, պատանդ վերցնելու և կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով զենք հափշտակելու մեջ։