Միասին մենք կարողացանք գրեթե իսպառ բացառել հակառակորդի դիվերսիոն հարձակումները։ Դա բանակի մարտունակության հետևողական և շարունակական ամրապնդման, ինչպես նաև թիրախային, արագ և արդյունավետ պատասխան պատժիչ գործողությունների արդյունքն էր, իր ամանօրյա ուղերձում փաստել է Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։
Գնահատելով անցնող տարին, պաշտպանությաննախարարը նաև արձանագրել է. ֊ «Մենք զգալիորեն համալրեցինք մեր զինանոցը՝ ձեռք բերելով ժամանակակից, հզոր ու գերճշգրիտ զինատեսակներ»։
Իր ուղերձում կարևորելով զինծառայողների կյանքի և առողջության ապահովագրության խնդիրը, Վիգեն Սարգսյանը նշել է. ֊ «Մենք ձևավորեցինք համազգային կարևորության հիմնադրամ, որի միակ առաքելությունը Հայրենիքին իրենց կյանքը կամ առողջությունը տված հերոսների և նրանց ընտանիքների կողքին կանգնելն է, ազգովի հավաստելը, որ մեր հերոսների մասին մեր հոգատարությունը չի սահմանափակվում բաժակաճառերով, այլ կարող է ընդունել համազգային միասնական գործողության բնույթ»։
Պաշտպանության նախարարը խոսել է նաև ռազմական կրթության, ռազմական արդյունաբերության ոլորտում ձեռքբերումներիմասին։
Անդրադառնալով զոհված և առաջին կարգի հաշմանդամ զինծառայողների ընտանիքներիբնակարանային խնդիրների լուծման հարցում արձանագրված առաջընթացի մասին՝ Վիգեն Սարգսյանը նշել է. ֊ «Շատ կարևոր է, որ նրանց գերակշիռ մեծամասնությունն արդեն այս Ամանորը դիմավորում է նոր հարկի տակ, իսկ բոլոր մնացածը նոր բնակարաններ ձեռք կբերեն առաջիկա շաբաթների ընթացքում: Մենք շարունակելու ենք այդ ծրագիրը հաջորդ տարի` անդրադառնալով 2-րդ կարգի զինհաշմանդամների ընտանիքներին: Զոհվածի, զինհաշմանդամի, առհասարակ վետերանների նկատմամբ վերաբերմունքը բնորոշում է հասարակության բարոյական պատկերը»:
«Միասին մենք խոստացանք վճռականորեն և անխոնջ կերպով պայքարել կոռուպցիայի դեմ: Բանակից գողացված ցանկացած դրամ ուղիղ հարված է սահմանում կանգնած զինվորի, մեր յուրաքանչյուր ընտանիքի և ողջ հայրենիքի անվտանգությանը, հետևաբար՝ օգնություն է թշնամուն։ Իսկ մենք դա երբեք չենք թույլատրելու», ֊ նշել է նա։
Անդրադառնալով տարկետման իրավունքի հետ կապված աղմկահարույց օրենսդրական փոփոխություններին, պաշտպանության նախարարը նշել է. ֊ «Միասին մենք զինծառայության նոր, գրավիչ պայմաններով այլընտրանքային տարբերակներ մշակեցինք՝ ընտրության հնարավորություն տալով ժամկետային ծառայության մեկնող մեր տղաներին, ապացուցելով, որ զինծառայությունը ոչ միայն չի կարող կորցրած երկու տարի համարվել, այլև ձեռքբերումների և ապագա բարեկեցությունն ապահովելու փայլուն մեկնարկի պետք է վերածվի»։
«Եվ ահա, վերլուծելով անցնող` 2017 թվականը, հստակ ուրվագծվում է գլխավոր եզրահանգումը. երբ միասին ենք, բոլոր նպատակները դառնում են իրականանալի։ Երբ միասին ենք, մեզ հաղթել հնարավոր չէ», ֊ եզրափակել է Վիգեն Սարգսյանը՝ շարունակելով. ֊ «Հետևաբար՝ իմ բարեմաղթանքն է՝ տա Աստված, որ հաջորդ տարի մենք դառնանք ավելի ուժեղ և ավելի միասնական։ Հատկապես, որ այն մեր մեծ հաղթանակների` Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի և մեր դարերով կորսված պետականության վերականգնման հարյուրամյակի տարին է: Մենք դա կարող ենք` միասին կայանալով որպես Ազգ-բանակ»: