Մատչելիության հղումներ

Շիրակում այս տարի ևս նվազել է բնակչության թիվը


Շիրակի մարզի գյուղերից մեկում, արխիվ
Շիրակի մարզի գյուղերից մեկում, արխիվ

Շիրակի մարզի ժողովրդագրական ցուցանիշները վերջին տարիներին անընդհատ նվազում են արձանագրում: Պակասում է մարզի բնակչության թիվը, նվազում՝ ծնելիությունը: Այս տարի շուրջ 500 երեխա ավելի քիչ է ծնվել Շիրակի մարզում, քան նախորդ տարի: Պաշտոնական թվերն են դա փաստում:

Մարզխորհրդի տարեվերջյան ամփոփիչ նիստին մարզպետարանի առողջապահության և սոցիալական հարցերի վարչության պետ Մեսրոպ Բզնունին ներկայացրեց դեմոգրաֆիկ պատկերը․ - «Ծնունդների թիվը, ցավոք, ցածր է անցած տարվա համեմատ՝ 2 հազար 837 է»:

Սոցիալական վիճակն էլ ներկայացրեց Բզնունին: Այստեղ ևս պատկերը տխուր է: Միայն մարզպետարանը սոցիալապես անապահով 980 ընտանիքի դրամական օգնություն է ցուցաբերել՝ 30 միլիոն դրամի չափով․ - «Մարզում անապահովության գնահատման համակարգում հաշվառված նպաստառուների թիվը կազմում է 14 հազար, իսկ հրատապ դրամական օգնություն է տրամադրվել շուրջ 600 ընտանիքների: Մարզում կենսաթոշակառուները 40 հազարն են, հաշմանդամները՝ 19 հազար: Կենսաթոշակի միջին չափը 38 հազար 900 դրամ է: Մարզի զբաղվածության տարածքային գործակալություններում հաշվառված 16 հազար գործազուրկներից 2017 թվականի ընթացքում աշխատանքի են տեղավորվել 800-ը: Շիրակի մարզպետի որոշումներով 30 միլիոն դրամ ֆինանսական աջակցություն է տրամադրվել կարիքավոր 980 ընտանիքների»:

Ցածր կենսամակարդակ ունենալու միակ պատճառն էլ մատանանշեց մարզպետարանի պաշտոնյան․ - «Մարզում բնակչության սոցիալ-տնտեսական ցածր կենսամակարդակը հիմնականում պայմանավորված է աշխատատեղերի բացակայությամբ, գործազրկության բարձր ցուցանիշներով»:

Ամենաաղքատ մարզում, սակայն, առաջընթաց կա հարկերի հավաքման ոլորտում: Այս տարի ավելի շատ հարկ ու տուրք են հավաքել, քան նախորդ տարի, թեպետ տարին գյուղատնտեսական առումով բարենպաստ չէր, երաշտ էր՝ փաստեց մարզի գյուղվարչության պետ Մովսես Մանուկյանը:

«Նախորդ տարիների համեմատությամբ բավականին ցածր ցուցանիշներ են արձանագրվել այս տարի: Հիմնական պատճառը եղել են բնակլիմայական պայմանները, ջերմային խիստ ռեժիմ, նաև կառավարության կողմից 2016 թվականին սերմաբուծության և սերմարտադրության ծրագրերի կասեցում: Ինչ խոսք, այդ ամեն ինչը անդրադարձավ գյուղատնտեսության ոլորտի ցուցանիշների վրա», - ասաց Մանուկյանը:

Շիրակի մարզպետը տեղեկացրեց, որ հաջորդ տարի անասնապահության ոլորտի զարգացման նպատակով ՄԱԿ-ը ցանկանում է փորձնական ծրագիր իրականացնել:

«ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համատեղ աշխատում ենք մարզում անասնաբուծության զարգացման ուղղությամբ: Էստեղ մեզ մոտ փորձնական ծրագիր կիրականացնենք տոհմի բարելավման ուղղությամբ՝ կա՛մ հյուսիսային համայնքներում, կա՛մ Արագածի լանջին: Բայց մենակ պետության վրա, ասելով, որ «պետությո՛ւն, արա՛, արա՛, արա՛», հարցը տեղից կշարժվի, բայց ոչ էդքան շատ: Ասում է՝ պետք է ունենանք նաև էդ գործունյա մարդիկ, ովքեր վերցնեն էդ ռիսկը, էդ պատասխանատվությունը», - ասաց մարզպետ Արթուր Խաչատրյանը:

Մարզում գյուղատնտեսական նշանակության հողերի միայն 45 տոկոսն է օգտագործվում: Քիչ եկամտաբեր մշակաբույսերից հիմա պետք է անցում կատարեն ինտենսիվ մշակաբույսերի մշակմանը, ասում է մարզի գլխավոր գյուղատնտեսը: «Տարիներ շարունակ, դե, բնականաբար, մենք գիտենք, որ Շիրակի մարզը հացահատիկի շտեմարան է, մեր հիմնական ցանքերի մոտ 60-70 տոկոսը ուղղորդված է դեպի հացահատիկի արտադրություն: Հիմա մենք բոլորս միասին պիտի ընտրենք մի ուղղություն, որը նաև պիտի բերի գյուղատնտեսության ոլորտի բազմազանության, այսինքն՝ ինտենսիվ մշակաբույսերի, բարձրարժեք մշակաբույսերի մշակության, ինտենսիվ այգիների հիմնման», - նշեց Մովսես Մանուկյանը:

Այս տարի մարզում ավարտվեց համայնքների խոշորացման երկրորդ փուլը: Նախկին 119 համայնքի փոխարեն հիմա Շիրակում 41 համայնք կա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG