Մատչելիության հղումներ

Պուտինը Թրամփին հղած ամանորյա ուղերձում կառուցողական երկխոսության կոչ է անում


Վիետնամ - ԱՄՆ և Ռուսաստանի նախագահները Ասիական-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի ժամանակ, 11-ը նոյեմբերի, 2017թ․

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին հասցեագրած ամանորյա շնորհավորական ուղերձում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ երկու գերտերությունների կառուցողական երկխոսությունը մեծ նշանակություն ունի աշխարհի կայունության համար:

Ըստ Կրեմլի տարածած հաղորդագրության, Պուտինը գրել է Թրամփին, որ Ռուսաստանը և Միացյալ Նահանգները կարող են հաստատել «երկարատև հեռանկարի կտրվածքով պրագմատիկ համագործակցություն, որը հիմնված կլինի հավասարության և փոխադարձ հարգանքի վրա»:

Պուտինը նշել է, որ ռուս-ամերիկյան կառուցողական երկխոսությունը հատկապես կարևոր է «աշխարհի ռազմավարական կայունությունն ամրապնդելու և համաշխարհային սպառնալիքներին ու մարտահրավերներին համարժեք պատասխաններ տալու համար»:

Ռուս-ամերիկյան հարաբերություններում վատթարացումը սկսվել է 2014 թվականից, երբ Ռուսաստանը զավթել է Ղրիմը, իսկ 2016 թվականին դրան ավելացել է նաև ամերիկյան նախագահական ընտրություններին Մոսկվայի միջամտության գործոնը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG