Մատչելիության հղումներ

Մնացականյան․ Փետրվարին հնարավոր էր լայնամասշտաբ պատերազմ, բայց հայ զինվորը աչալուրջ էր


ԼՂ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյան, արխիվ
ԼՂ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյան, արխիվ

2017 թվականի փետրվարի 24-ին և 25-ին լարվածության աստիճանը առաջնագծում կրկին բարձր էր և հնարավոր էր, որ տեղային նշանակության գործողությունները վերածվեին լայնամասշտաբ պատերազմի, սակայն հայ զինվորի աչալրջության ու խիզախության շնորհիվ «հերթական անգամ կարողացանք ձախողել հակառակորդի՝ հեռուն գնացող նպատակները, ու ևս մեկ անգամ փաստեցինք, որ մեզ հետ անհնար և անիմաստ է խոսել ուժի դիրքերից»: Այս մասին ասված է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի շնորհավորական ուղերձում:

Տարվա ընթացքում արձանագրված հաջողությունների շարքում, «թերևս, ամենակարևորը մեր 26-ամյա հանրապետության անկախության և պետականության ամրապնդման ուղղությամբ կատարված շարունակական աշխատանքն էր, և դրան զուգահեռ, նրա զինված ուժերի կատարելագործումը: Հանգամանք, որը պայմանավորված է առաջին հերթին մեր ժողովրդի և բանակի անխախտ միասնությամբ», - իր ուղերձում նշում է Մնացականյանը:

«Սակայն հաջողություններն ու ձեռքբերումներն ինքնահանգստացման առիթ չեն ստեղծում: Ապավինելով համայն աշխարհի հայության ներուժին, պետք է ամեն ինչ անենք, որպեսզի հաղթանակները ուղեկցեն մեզ նաև այսուհետ», - ընդգծում է ԼՂ պաշտպանության նախարարը:

«Ավարտելով խոսքս, թույլ տվեք բանակի հրամանատարության և անձամբ իմ անունից հավաստիացնել, որ հանրապետության զինված ուժերը մշտապես պատրաստ են իրականացնելու մեր ժողովրդի անվտանգության ապահովման պատվավոր առաքելությունը և, միաժամանակ, շնորհավորել Պաշտպանության բանակի ողջ անձնակազմին, Արցախյան ազատամարտում և ապրիլյան քառօրյա պատերազմում նահատակված և անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին ու ողջ հայությանը գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Թող յուրաքանչյուրիս համար 2018 թվականը լինի համազգային իղձերի և նպատակների իրագործման տարի», - Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ասված է ուղերձում:

Հիշեցնենք, փետրվարի 25-ին Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հաղորդեց գիշերը շփման գծի միանգամից երկու` հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով հակառակորդի ձեռնարկած հարձակման փորձերի մասին, որոնք Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները, նաև շնորհիվ տեսադիտարկման սարքավորումների, երկու ուղղություններում էլ ժամանակին հավաստանշել էին և կասեցրել՝ կորուստներ պատճառելով ադրբեջանական զինուժին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG