Մատչելիության հղումներ

2017 թվականի ընթացքում քաղաքական գործիչների և պաշտոնյաների կողմից հնչող խոստումների պակաս չկար։ Միլիարդավոր դոլարների ներդրումներից՝ մինչև ասֆալտապատում։ Հնչեցին նաև հեռավոր ապագային վերաբերող խոստումներ։ Ամփոփենք թե ով ինչ խոստացավ և ինչ արեց։

Ամենաշատ քննարկված խոստումը թերևս նախագահ Սերժ Սարգսյանինն է։ 2040 թվականին 4 միլիոն բնակչություն ունենալու նրա տեսլականը ֆանտաստիկայի ժանրից որակվեց, շատերն էլ ասացին՝ դա բարի ցանկություն է կամ էլ նախագահը կենաց է ասել։

«2040 թվականին պետք է հասնել առնվազն 4 միլիոն բնակչի»։

ՄԱԿ-ի կանխատեսումներով, սակայն, 2035 թվականին Հայաստանի բնակչությունը լավագույն դեպքում կկազմի 3.2 միլիոն: Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով Սերժ Սարգսյանի նախագահության ընթացքում՝ 2008-2017 թվականներին, Հայաստանի մշտական բնակչությունը պակասել է ավելի քան 250 հազարով։

Խոստումներով առանձնացավ նաև վարչապետ Կարեն Կարապետյանը։ Խորհրդարանական ընտրությունների նախընտրական շրջանում նա նախ 3.2 միլիարդ դոլարի ծրագրերից խոսեց, հետո այդ թիվը հասավ 5.3 միլիարդի։

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ հունվար-սեպտեմբեր ամիսներին ներդրումների զուտ հոսքը եղել է 121 միլիոն 200 հազար դոլար։

Վարչապետ Կարապետյանից երեք անգամ ավելի ներդրումներ էլ Գագիկ Ծառուկյանը խոստացավ։ Նախընտրական շրջանում «Ծառուկյան» դաշինքի առաջնորդը հայտարարեց, որ ընկերները պատրաստ են 15 միլիարդ ներդրումներ անել Հայաստանում՝ քանի որ տեսնում են ժողովրդի վստահությունը իր ղեկավարած ուժի հանդեպ:

Ընտրություններում «Ծառուկյան» դաշինքը չհաղթեց և դարձավ ընդդիմություն, Ծառուկյանն էլ հայտարարեց՝ ում ընտրել եք, նրանից էլ պահանջեք:

Խոստումների շարքը շարունակում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Այս տարի կայացած ավագանու ընտրությունների ժամանակ նա հայտարարեց, որ տրանսպորտի խնդիրը լուծելու է։

Այսօր Երևանի քաղաքապետարանը հայտարարեց, որ արդեն ավարտվել են նոր ցանցի նախագծման աշխատանքները և արդեն 2018 թվականի հունվարին այն վերջնականացնելու նպատակով կներկայացվի մասնագիտական խմբին։ Քաղաքապետարանում հույս ունեն, որ 2018-ի վերջին նոր համակարգը կսկսի գործել։

Տարվա ամենասպասելի խոստումը Տրանսպորտի նախարարությունից էր, որը, սակայն, այդպես էլ չհնչեց: Ե՞րբ է ավարտվելու դեռևս 2009-ին սկսված Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցումը։ Հարցը կար, մինչդեռ ամբողջ տարվա ընթացքում ճանապարհի կառուցման ավարտի հստակ ժամկետ այդպես էլ չնշվեց:

Մինչ բոլորը սպասում էին 556 կիլոմետրանոց Հյուսիս-հարավի կառուցման վերջնաժամկետի խոստմանը, 300 մետրանոց ճանապարհ կառուցելու խոստում տվեց պատգամավորի թեկնածու Առաքել Մովսիսյանը։ Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում Ծաղկալանջ գյուղ այցելած Մովսիսյանը նախ ճշտեց ընտրողների թիվը, հետո փողոցի երկարությունը ու խոստացավ ասֆալտապատել։

Ասֆալտապատումը իրականություն է դարձել, բայց այն արել է ոչ թե Մովսիսյանը՝ ով ընտրությունների արդյունքում դուրս մնաց խորհրդարանից, այլ գյուղի նախկին բնակիչ մի բարերար։ Գյուղապետ Մանվել Մկրտչյանը ասաց, որ լրատվամիջոցների բարձրացրած աղմուկի պատճառով է, որ ասֆալտապատման խոստումը Մովսիսյանը չիրագործեց:

Վերջում վերադառնանք Սերժ Սարգսյանին՝ կխոստանա՞ արդյոք նա պահել վարչապետի պաշտոնին չհավակնելու 2014-ի իր խոստումը։ Մինչ քաղաքական գործիչները, քաղաքագետերը, քաղաքացիները և անգամ գուշակները փորձում էին պատասխան գտնել, ինքը Սարգսյանը այդպես էլ հստակ ոչինչ չասաց՝ պահելով ինտրիգը․ ֊ «Եթե ես պատկերացնեի՝ վաղուց արդեն հայտարարած կլինեի: Այ, երբ որ պատկերացնեմ՝ այն ժամանակ կհայտարարեմ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG