Մատչելիության հղումներ

Պաշտոնատար անձանց կողմից դիրքը չարաշահելու համար չորս քրեական գործ է հարուցվել


Հատուկ քննչական ծառայությունում 4 քրեական գործ է հարուցվել պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու համար։ Հարուցված քրեական գործերից մեկն առնչվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորի բողոքին։

Ըստ հաղորդագրության, կալանավորը հայտնել է, որ օպերատիվ բաժնի աշխատակիցն իրեն արգելել է իրավապահ մարմիններին դիմումներ գրել բանտում կատարվող անօրինականությունների վերաբերյալ։ Դրա դիմաց բանտի աշխատակիցը կալանավորներին թույլատրել է բջջային հեռախոսներ պահել: Նրանք էլ, օգտվելով տրված հնարավորությունից, 6 բջջային հեռախոս և ինտերնետային սարքավորում են ձեռք բերել։

Բանտի նույն աշխատակիցը, սակայն, ինչպես նշվում է պաշտոնական հաղորդագրությունում, խախտել է ձեռք բերված պայմանավորվածությունն ու այդ խցում խուզարկություն է կատարել և հայտնաբերել հեռախոսները։ Կատարվածի դեմ բողոքած կալանավորին էլ տեղափոխել են պատժախուց։

Իրավապահները շարունակում են նախաքննությունը՝ ձերբակալվածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

Բանտերում դիտորդություն իրականացնող անկախ հասարակական խմբի անդամ Ռուբեն Սարգսյանն «Ազատության» հետ զրույցում նշում է՝ եթե 5 բալանոց սանդղակով գնահատելու լինենք հայաստանյան քրեակատարողական հիմնարկները, ապա բարձր գնահատական որևէ բանտի չի տրվի։ Սարգսյանը պնդում է՝ կոռուպցիան այդ հաստատություններում տարեցտարի աճում է, հատկապես բջջային հեռախոսների բիզնեսը լայն թափ է հավաքում։ Սարգսյանը նշում է, որ այս խնդիրը լուծում կստանա, եթե կալանավորին թույլ տան ավելի հաճախ օգտվել հեռախոսից։ ֊ «Հեռախոսը միշտ գլխացավանք է, որի լուծումը երևի իրավական կարգավորում տալն է՝ թույլ տալ որոշակի սահմանափակումներով: Դա որպես լուծման մեխանիզմ որոշ երկրներում կիրառվում է», ֊ կարծիք հայտնեց նա:

Բանտերում դիտորդություն իրականացնող խմբի անդամը նշում է, որ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում 2017 թ․-ին նույնպես կարևորագույն հարցերը մնացին չլուծված՝ շենքային վատ պայմաններից մինչև անորակ սնունդ։ Պատճառն, ասում է, կոռուպցիան է և կամքի բացակայությունը․ ֊ «Դիտորդական խումբը այս տարի փորձեց փորձանմուշներ վերցնել ուսումնասիրելու համար որակի տեսանկյունից և արդյոք ստանդարտներին համապատասխանում է, թե չէ, բայց խմբին մերժեցին: Մենք փորձում ենք ստանալ պատասխանը Արդարադատության նախարարությունից, արդյոք իրենք իրականացրել են նման ուսումնասիրություն: Խնդրահարույց է դառնում ինքնասպանությունների, ինքնավնասման հետ կապված վիճակը: Մարդիկ հարցնում են՝ արդյո՞ք իրենց հետ արդյունավետ են աշխատում հոգեբանները, արդյո՞ք իրենք հասցնում են այդ ծանրաբեռնվածության կտրվածքով աշխատել»:

Դիտորդական խումբը 2017-ի ուսումնասիրությունները դեռ չի ամփոփել։ Սարգսյանը նշում է, որ այս տարվա խնդիրները մեծ առումով չեն տարբերվում նախորդ տարիներին արձանագրածներից։ Շեշտում է՝ կատարված դրական փոփոխություններն էլ մեծ մաս չեն կազմում:

«Դրականը բուժմասերի վերանորոգումն է, որը կատարվել է Եվրախորհրդի ծրագրով բոլոր քրեակատարողական հիմնարկներում: Վերազինումն է, որը կատարվել է նույն ծրագրով: Դրականը, կարելի է ասել, «Նուբարաշենի» առաջին հարկի փակումն էր: Ցավոք սրտի՝ մասամբ փակվեց: Խումբը բազմիցս գրություններ, դիմումներ է ուղարկել այդ հարցի շուրջ: Այնտեղ հիմա միայն կարանտինային հատվածում են պահվում դատապարտյալները, մեկ էլ հացադուլավորներն ու պատժախցերը: Բոլոր դեպքերում՝ դա խնդիր է մնում», ֊ նշեց նա:

Հատուկ քննչական ծառայության հարուցած մյուս երկու քրեական գործերը վերաբերում են ոստիկանների կողմից քաղաքացիներին ահաբեկելու միջոցով ցուցմունքներ կորզելու և քաղաքացու դեմ շինծու գործ սարքելու դեպքերին։

Իրավապաշտպանները ընդգծում են՝ մարդու իրավունքների խախտումները ոստիկանության կողմից շարունակվեցին նաև 2017-ին։

Ավետիք Իշխանյանն ուշադրություն է դարձնում մի հանգամանքի վրա՝ քաղաքացու վրա ձեռք բարձրացրած որևէ ոստիկան այդպես էլ չպատժվեց․ ֊ «Ես կարծում եմ՝ այդ հարուցված քրեական գործերն էլ հայտնի ճակատագիրը կունենան, այսինքն այդ արատավոր շրջանը շարունակվում է: Շարունակվում է, որովհետև այն մարմինները, որոնք ստեղծված են այդ ամենը կանխարգելելու համար՝ դրանցից որևէ մեկը ինքնուրույն և անկախ չէ, որևէ մեկը ինքնուրույն որոշում չի կարող կայացնել որևէ ոստիկանի պատժելու համար: Եվ երկրորդը՝ որևէ ոստիկանության աշխատողի նկատմամբ քրեական գործ հարուցելը և պատիժը կնշանակի, որ համակարգը կարող է ցնցվի: Ասենք՝ որևէ բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանները արդեն մտածեն, արդյո՞ք դիմեն բռնությունների, թե ոչ վերևից եկած հրամանով: Ոստիկանությունը Հայաստանում իշխանությունների հիմնական հենարաններից մեկն է»:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը, թեև չի ամփոփել այս տարվա վիճակագրությունը, բայց նշում է՝ ոստիկանական բաժանմունքներում բռնության ենթարկվածներն ավելի շատ կխոսեն, եթե չվախենան հետագա բռնության դեպքերից․ ֊ «Սովորաբար դիմում և հայտնում են արդեն կալանքի պայմաններում, կամ իրավապաշտպանները, կամ փաստաբաններն են այդ մասին հաղորդումներ ներկայացնում հատուկ քննչական ծառայությանը: Բայց որ քննիչների կողմից սեփական նախաձեռնությամբ իրենց վարույթում գտնվող գործի շրջանակներում ոստիկանության կողմից քաղաքացիների նկատմամբ ոստիկանական բռնությունների փաստով նյութերը ներկայացնեն Հատուկ քննչական ծառայություն, ես դա չեմ հիշում»:

Իրավապաշտպանները հիշեցնում են այս տարվա ամենահնչեղ դեպքը՝ դատարանի նկուղում «Սասնա ծռերի» ծեծի գործը, երբ զինված խմբի 4 անդամները՝ ահազանգեցին ուղեկցող գումարտակի հրամանատար Արմեն Ղազարյանի և նրա ենթակաների կողմից բռնության ենթարկվելու մասին։ Ոստիկաննությունն իր հերթին հատարարել էր, որ համաչափ ուժ է կիրառել։ Իրավապաշտպանը նշում է՝ իշխանությունը ոստիկանությանը չի պատժի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG