Մատչելիության հղումներ

Պիպոյանի գնահատմամբ, ՍԱՊԾ֊ում «կա՛մ իրավիճակին չեն տիրապետում, կամ միտումնավոր ստում են»


ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանի ամփոփիչ ասուլիսը, 25-ը դեկտեմբերի, 2017թ․

Կարագի փոխարեն բանակին «սպրեդ» ու մարգարին է մատակարարվել: Ըստ Ազգային անվտանգության ծառայության պետությանը շուրջ 162 մլն 915 հազար դրամի վնաս է պատճառվել:

2016-2017թթ. ընթացքում սերուցքային կարագի փոխարեն, երկու ընկերությունների կողմից Պաշտպանության նախարարությանն է մատակարարվել Հայաստանում արտադրված 172,300 կգ «Մարգարին» և 14,250 կգ «սպրեդ» որոնք նույնականացման են ներկայացվել սննդամթերքի անվտանգության պետական ծառայության «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն»: Ըստ ԱԱԾ-ի՝ այս կենտրոնի 4 մասնագետներ տվել են փորձարկման ակնհայտ կեղծ արձանագրություններ՝ սերուցքային կարագ հանդիսանալու վերաբերյալ, և այն խաբեությամբ կարագի փոխարեն մատակարարվել է ՊՆ-ին:

Թեև ըստ ԱԱԾ-ի՝ հարուցված քրեական գործով 7 մեղադրյալ կա, որոնցից 3-ը կալանավորված են, իսկ 4-ը չհեռանալու մասին ստորագրությամբ ազատ են արձակվել, ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը տարեվերջյան ամփոփիչ ասուլիսին, պատասխանելով «Ազատության» հարցին, ասաց՝ դեպքը հին է, և իր ենթակայությամբ աշխատող պաշտոնյաներից ոչ ոք այդ գործով չի անցնում:

«ՍԱՊԾ որևէ պաշտոնյա առնչություն չունի, մենք այս մասով հերքումը տվել ենք: Քանի որ դեպքը հին է և վերաբերում է մինչ իմ պաշտոնավարման ժամանակահատվածին, ուստի ես այդ դեպքի մանրամասներին չեմ տիրապետում, բայց մեծ հաճույքով Ձեզ հետ միասին կհետևենք զարգացումներին, և իրավապահ մարմինները երբ որ կտան համապատասխան պարզաբանումներ, մենք էլ մեր կողմից պատրաստ ենք ամեն ինչ անել, որպեսզի մեղավորները ենթարկվեն օրենքով նախատեսված խիստ պատասխանատվության», ֊ հայտարարեց ՍԱՊԾ պետը:

Թեև Իշխան Կարապետյանն ասաց, որ դեպքը իր պաշտոնավարման տարիներին չի տեղի ունեցել, այդուհանդերձ ըստ ԱԱԾ-ի՝ չարաշահումը հենց 2016-2017 թվականներին է եղել, իսկ Իշխան Կարապետյանին վարչապետ Կարեն Կարապետյանը ՍԱՊԾ պետ է նշանակել հենց 2016-ի նոյեմբերին:

«Ազատության» ճշտող հարցին՝ պնդու՞մ եք, որ մարգարինն ու սպրեդը որպես կարագ չի վաճառվել ՊՆ-ին, Իշխան Կարապետյանը պատասխանեց․ ֊ «Ես գործի մանրամասներին չեմ տիրապետում, բայց կարող եմ ասել, որ եթե որևիցե դեպք գիտեք, որ մարգարինը վաճառվել է որպես կարագ, խնդրում եմ՝ ասեք: Մենք նման դեպքի մասին չգիտենք»:

Սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Բաբկեն Պիպոյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ ստախոսության հետ գործ ունենք: Ըստ Պիպոյանի՝ Սննդի անվտանգության պետական ծառայությունն անգամ ինքը չի քննել իր սեփական գործը, մինչև որ այն հասել է ԱԱԾ-ին:

«Երբ ասվում է, թե մեր ժամանակվա չէ, դա նշանակում է՝ կա՛մ իրավիճակին ընդհանրապես չեն տիրապետում, կամ միտումնավոր ստում են, ինչ է՝ թե արդարացվեն», ֊ մեկնաբանեց Պիպոյանը: ֊ «Հստակ Ազգային անվտանգության ծառայության կողմից տրված պարզաբանման մեջ երևում է, որ, ըստ էության, 2017 թվականի ընթացքում իրականացվել է մատակարարում և հետևաբար պրոբլեմները, որոնք որ կան, եղել են նաև նույն կազմի օրոք: Մոլորությունը, միֆը, սեփական կառույցի հանդեպ անիրական մթնոլորտը, որ ձևավորվել է, իբրև թե աշխատանք են կատարում, այնքան է կուրացրել մարդկանց, որ պատրաստ են անգամ անտեսել իրենց ժամանակ ունեցած պրոբլեմը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG