Մատչելիության հղումներ

«Ես կխոսեմ դատարանում»․ Փոխոստիկանապետը՝ իր պատանդ լինելու մասին


Փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյան Ազգային ժողովում զրուցում է «Ազատության» հետ, 29֊ը դեկտեմբերի, 2017թ.

Հատուկ քննչական ծառայությունն արդեն 6 ամիս է չի կարողանում պարզել, թե ի վերջո ի՞նչ է տեղի ունեցել դատարանի նկուղում: Հիշեցնենք՝ դեռևս այս տարվա հունիսին «Սասնա ծռեր» զինված խմբի 4 անդամների պաշտպանները հայտարարեցին ՝ իրենց պաշտպանյալներին դատարանի շենքում դաժան ծեծի են ենթարկել:

Ըստ փաստաբանների, ոստիկանները 10-15 հոգով ծեծի են ենթարկել «Միայնակ Գայլ» մականվամբ Արայիկ Խանդոյանին, Արեգ Կյուրեղյանին, Մխիթար Ավետիսյանին և Գագիկ Եղիազարյանին։ Դեպքից մոտ մեկ շաբաթ անց միայն՝ հուլիսին, Հատուկ քննչական ծառայությունը գործ հարուցեց Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ կետի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնության գործադրմամբ: «Սասնա ծռերի» անդամները հետագայում գործով ճանաչվեցին տուժողներ, սակայն, ըստ փաստաբանների, առայսօր կասկածյալներ ու մեղադրյալներ չկան: Եվ սա այն դեպքում, երբ փաստաբաններն իբրև ծեծի կազմակերպիչ մատնացույց էին անում ոստիկանության ուղեկցող գումարտակի հրամանատար Արմեն Ղազարյանին:

Հատուկ քննչական ծառայությունից այսօր էլ «Ազատությանը» փոխանցեցին՝ դեռևս Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Նախկին ոստիկանապետ, այսօր իշխող Հանրապետականի պատգամավոր Ալիկ Սարգսյանը անընդունելի է համարում կալանավորին բռնության ենթարկելը, սակայն վստահեցնում է՝ նախևառաջ ոստիկանության այսօրվա ղեկավարությունը չէր հանդուրժի, որ բռնությունների դիմող ոստիկանները շարունակեն աշխատել համակարգում:

«Ոստիկանության մեկնաբանությանը այս պահին մի սպասեք: Թող համապատասխան մարմինները, ովքեր այս պարագայում հանդես են գալիս պատժողի դերում, դրանք բացատրություն տան, թե ինչի՞ համար է քննությունն այդքան ձգձգվում», ֊ «Ազատության» հետ զրույցում նշեց Սարգսյանը: ֊ «Նախօրոք ինչ հանգամանքներ են եղել՝ ես տեղյակ չեմ, բայց ամեն դեպքում ցանկացած ծեծ, եթե ունի հետևանքներ, պետք է անպայման պատասխանատվության ենթարկել»:

«Ազատության» հարցին՝ վրեժխնդրությունը բացառո՞ւմ է, հաշվի առնելով, որ նույն այդ զինված խմբի անդամները պատանդ էին պահում ոստիկաններին, նաև՝ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանին, Ալիկ Սարգսյանը պատասխանեց․ ֊ «Կներեք՝ ես այստեղ վրեժխնդրության նյութ չտեսա: Ամբողջ այս ժամանակաընթացքում՝ հենց այդ պատանդ ունենալու պահից: Նրանք, կարծեմ, նույն պատանդ պահված ոստիկանների նկատմամբ առանձնապես որևիցե վատ վերաբերմունք չեն ցուցաբերել, էլ չեմ խոսում դաժանություն, ծեծ, խոշտանգում և այլն: Հարգալից են վերաբերվել: Սա ավելի շատ բերել է քաղաքական ակցիայի: Այստեղ ոստիկանության խնդիրը չէր: Սա համարել վրեժխնդրություն իրենց նախկին գործընկերների, որ կորուստներ ենք ունեցել ոստիկանությունում և այլն՝ կարծում եմ արդեն իմաստ չունի: Ռուս ազգի լավ խոսք կա, որ՝ после драки кулаком не машут»:

Ի դեպ, ՊՊԾ գնդում ոստիկաններին պատանդ պահելու մեղադրանքին անդրադառնալով, «Սասնա ծռեր» զինված խմբի փաստաբաններն այս շաբաթ «Ազատության» հետ զրույցում նշել էին, թե դեռևս ապացուցված չէ, որ իրենց պաշտպանյալները պատանդ են պահել: Ավելին, փաստաբաններից Արայիկ Պապիկյանը շեշտել էր, թե զինված խմբի անդամները իրականում փրկել են Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի կյանքը, և ոչ թե նրան պատանդ պահել: Այսօր խորհրդարանի Պաշտպանության հանձնաժողովի նիստին մասնակցող Ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանին հարցրեցինք, թե արդյոք այս հայտարարությունն իրականությանը համապատասխանում է: Հիշեցնենք՝ ՊՊԾ գնդի գրավման օրերին «Սասնա ծռերի» անդամները պատանդ էին վերցրել մի քանի ոստիկանի, որոնց մեջ էր նաև փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը: Վերջինս «Ազատության» հետ զրույցում շեշտեց՝ այժմ որևէ բան պնդել չի կարող, այդ հարցերի մասին կխոսի դատարանում: ֊ «Ես դրա մասին կխոսեմ դատական նիստի ժամանակ», ֊ նշեց Եղիազարյանը: Մեր ճշտող հարցին՝ ինքը պնդո՞ւմ է, որ պատանդ է եղել, որովհետև նրանք հակառակն են պնդում, փոխոստիկանապետն արձագանքեց․ ֊ «Ես ոչինչ չեմ կարող հիմա պնդել։ Նախաքննությունն ավարտվել է, դատական քննություն է գնում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG