Մատչելիության հղումներ

Արփինե Հովհաննիսյան․ «Ընտրողը իրեն խաբված չի զգալու»


Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյան

Իշխող Հանրապետական կուսակցությունում վստահ են՝ իրականացրել են ընտրողներին այս տարի տված խոստումները: «Ազատության» եթերում պատասխանելով հարցին՝ արդյոք խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի օգտին քվեարկածներն իրենց խաբված չեն զգում, իշխող կուսակցության ներկայացուցիչ, Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն ասաց՝ հունվարին Հայաստանի բնակիչներն արդեն թվային տեսքով կզգան այդ ամենը, իսկ հիմա ընդգծեց՝ գործազրկության հարցն է լուծվել, նոր աշխատատեղեր են ստեղծվել: Շտապեց նաև հուսադրել՝ 2018թ-ը 2017-ից լավն է լինելու:

«Վստահաբար ընտրողը իրեն խաբված չի զգալու: Եղել է քառասուն հազարի աճ զբաղվածության մակարդակի տեսանկյունից, բայց բարդ է տարեվերջին ասել, քանի դեռ չեն ամփոփվել ցուցանիշները: 5500 – 5700 աշխատատեղ միայն պետական աջակցությամբ, պետական օժանդակություն ունեցող ծրագրերի միջոցով՝ կրկին աշխատատեղեր են ստեղծվել», ֊ նշեց Հովհաննիսյանը:

Աննախադեպ էր, որ խորհրդարանական ընտրություններից հետո ցնցումներ չեղան, ամփոփելով տարին, նաև նշում է Հովհաննիսյանը, չկիսելով կարծիքը, թե պատճառը գուցե ապատիան էր՝ ժողովրդի հուսահատությունը:

«Որևէ մեկի մոտ, և ես դրանով եմ բացատրում հետընտրական զարգացման բացակայությունը, կասկած չի եղել քվեի հասցեական լինելու հետ կապված: Քաղաքական տեսանկյունից դա է էականը», ֊ ընդգծեց ԱԺ փոխնախագահը:

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյան
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյան

Խորհրդարանական ընտրությունների արդյունքում պատգամավորական մանդատ չստացած Հայ ազգային կոնգրես կուսակցությունում հակադարձում են Հովհաննիսյանի այս պնդումներին: ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն «Ազատության» եթերում շեշտեց՝ հասարակությանը պարզապես չեն թողել ընտրել: Ընդ որում, ըստ Զուրաբյանի, ոչ միայն այն պատճառով, որ ձայները գնվել են կամ քվեները կեղծվել: ֊ «Ժողովրդի ամենաակտիվ, ամենագիտակից, հասարակական պրոցեսների մեջ լուրջ գտնվող մասը այսօր դուրս է եկել Հայաստանից, որովհետև հալածանքների է ենթարկվել, որովհետև նրանց գործից հանել են, իրենց բիզնեսները ջարդել են: Այսինքն, վերջին ընտրություններին հայ ժողովուրդը չի քվեարկել, չէր էլ կարող քվեարկել, որովհետև հայ ժողովուրդը գտնվում է դրսում», ֊ նշեց ՀԱԿ փոխնախագահը:

Զուրաբյանը պնդում է՝ այս պայքարում հարված հասցվեց ժողովրդավարությանը, մեռավ քաղաքականությունը, և ավելացնում՝ առաջիկայում այլևս դժվար է ակնկալել, որ մարդիկ փողոց դուրս կգան: ֊ «Այլևս չկա լուրջ քննադատություն, կամ լուրջ քաղաքական գործընթաց, որը վտանգում է իշխանությունների դիրքը Հայաստանում: Այլևս մենք ապրում ենք բրեժնևյան լճացման ժամանակաշրջան», ֊ համոզմունք հայտնեց ընդդիմադիր գործիչը:

Ամփոփելով տարին՝ ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը հուսադրեց․- «Ավելի լավ տարի է լինելու, քան 2017֊ը»:

Ընդդիմադիր ՀԱԿ-ում, սակայն, այսպիսի հույսերով չեն ապրում․ Լևոն Զուրաբյանի խոսքով՝ Հայաստանն այսօր կտրված է աշխարհից, մեկուսացած տարածաշրջանից: Միակ ակնկալիքն այն է, որ այսպես երկար շարունակվել հնարավոր չէ․ ֊ «Լճացման ժամանակաշրջանները գիտե՞ք ինչպես են ավարտվում․ կա՛մ տեղի է ունենում հզոր պոռթկում ժողովրդի կողմից, կա՛մ տեղի է ունենում ինֆարկտ»:Ամփոփելով տարին՝ ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը հուսադրեց․- «Ավելի լավ տարի է լինելու, քան 2017֊ը»:

Ընդդիմադիր ՀԱԿ-ում, սակայն, այսպիսի հույսերով չեն ապրում․ Լևոն Զուրաբյանի խոսքով՝ Հայաստանն այսօր կտրված է աշխարհից, մեկուսացած տարածաշրջանից: Միակ ակնկալիքն այն է, որ այսպես երկար շարունակվել հնարավոր չէ․ ֊ «Լճացման ժամանակաշրջանները գիտե՞ք ինչպես են ավարտվում․ կա՛մ տեղի է ունենում հզոր պոռթկում ժողովրդի կողմից, կա՛մ տեղի է ունենում ինֆարկտ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG