Մատչելիության հղումներ

«Թուրան»․ 2017-ը ևս Ադրբեջանում բռնաճնշումների տարի էր


Ադրբեջան - Ոստիկանությունը ակտիվիստների է ձերբակալում, արխիվ
Ադրբեջան - Ոստիկանությունը ակտիվիստների է ձերբակալում, արխիվ

«Թուրան»-ի վերլուծական բաժինը, ամփոփելով Ադրբեջանի 2017 թվականի քաղաքական կարևոր իրադարձությունները, մեծ տեղ է հատկացրել խոսքի, մամուլի և ընդդիմության դեմ տեղ գտած բռնաճնշումներին:

Մարտ ամսից իշխանությունները սկսեցին արգելափակել կառավարությանը քննադատող ինտերնետային կայքերը, այդ թվում՝ «Ազատություն» ռադիոկայանի, «Մեյդան TV»-ի, «Ազադլիգ» թերթի: Աշնանը՝ նոյեմբերին արդեն արգելափակված էին շուրջ երկու տասնյակ տեղեկատվական կայքեր: 2017-ին շարունակվել են լրագրողների, բլոգերների, ընդդիմադիր քաղաքական գործիչների հետապնդումները, ձերբակալությունները: Մաքսանենգության շինծու մեղադրանքով ձերբակալվել է Ազգային ճակատի փոխնախագահ Գյոզալ Բայրամլին, Թբիլիսիում առևանգվել ու Բաքվի բանտ է տեղափոխվել լրագրող Աֆղան Մուխթարլին, ձերբակալվել են բլոգեր Մեհման Հուսեյնովը և «Կանալ 13» կայքի տնօրենի պաշտոնակատար Օրուջևը: Քայլեր են կատարվել «Թուրան» լրատվական գործակալությանը և նրա տնօրեն Մեհման Ալիևին մեկուսացնելու, լռեցնելու համար:

Օրենսդրորեն սահմանափակվել են դատարաններում և իրավապահ մարմիններում, ոստիկանությունում, դատախազությունում քաղաքացիների իրավունքները պաշտպանող փաստաբանների գործառույթները: Ըստ հրապարակման՝ Փաստաբանների կոլեգիայում մոտավորապես 900 մարդ կա, նրանցից 370-ն է ակտիվ գործունեությամբ զբաղվում, բայց միայն 5 փաստաբան է գնում քաղաքական աստառ ունեցող գործերին:

Նշված է, որ սեպտեմբերին ԱՄՆ-ի Սենատի արտաքին հատկացումների հանձնաժողովը 2018-ի բյուջեի նախագծում հավանություն է տվել սենատոր Ռիչարդ Դըրբինի առաջարկին՝ վիզային պատժամիջոցներ սահմանելու Մեհման Ալիևի ձերբակալությանը առնչություն ունեցած չինովնիկների նկատմամբ: Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը և Նախարարների կոմիտեն բանաձևեր ու որոշումներ են ընդունել Ադրբեջանի դեմ, ինչից անհանգստացած իշխանությունները ազատ են արձակել «Թուրան»-ի տնօրեն Մեհման Ալիևին և դադարեցրել են գործակալության դեմ սարքվող գործը: Բայց զուգահեռ շարունակվել են ճնշումները քաղաքացիական հասարակության վրա:

«Ամփոփելով, կարելի է ասել, որ քաղաքական առումով տարին ավարտվում է այնպես, ինչպես սկսվել է. հակառակորդների նկատամամբ հետապնդումներ և ձերբակալություններ, օրենսդրության խստացում, դիմակայություն միջազգային ինստիտուտներին և ժողովրդավարական երկրներին, ինչը հետևողական և շարունակական բնույթ է կրում», - Ադրբեջանի 2017 թվականը ամփոփում են «Թուրան»-ի վերլուծաբանները:

Ավելացնենք, որ այս հրապարակման նույն օրը Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը երկարատև ազատազրկման դատապարտեց «Նարդարանի գործով» մեղադրվողների վերջին խմբին: 12 ամբաստանյալներ դատապարտվեցին 12-15 տարվա ազատազրկման: Երկու ուրիշ մեծ խմբեր երկարատև ազատազրկման էին դատապարտվել ավելի վաղ: Իշխանությունները նրանց մեղադրում են իշխանությունը զավթելու փորձի, ահաբեկչության, զանգվածային անկարգություններ կազմակերպելու հոդվածներով: Իսկ մոտավորապես հինգ տասնյակ մարդիկ ավելի թեթև մեղադրանքներով՝ թմրանյութերի շրջանառության, հասարակական կարգը խախտելու, դատապարտվել էին 2-ից մինչև 6 տարվա ազատազրկման:

Ադրբեջանի իրավապաշտպան կազմակերպությունները «Նարդարանի գործով» անցնողներին համարում են քաղբանտարկյալներ:

Հիշեցնենք, իսլամիստ ակտիվիստները ձերբակալվեցին 2015 թվականի նոյեմբերին` Բաքվից 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Նարդարան ավանում իրականացված հատուկ գործողության ընթացքում: Այդ գործողությունն ուղեկցվեց զինված ընդհարմամբ, որի հետևանքով 7 մարդ զոհվեց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG