Ռուսաստանը մտադիր է հունվարի 1-ից սահմանափակել ԱՄՆ-ի ռազմական հետախուզության թռիչքները ռուսական տարածքի վրայով, որոնք կատարվում են Բաց երկնքի մասին պայմանագրով: Դրանով Մոսկվան պատասխանում է Վաշինգտոնի կողմից վերջերս հայտարարված՝ ռուսական թռիչքների սահմանափակումների, հաղորդում են ռուսաստանյան լրատվամիջոցները:
Նոր սահմանափակումների համաձայն՝ Ռուսաստանը «չեղյալ է հայտարարում երեք օդանավակայաններում ԱՄՆ-ի մասնակցությամբ գիշերային թռիչքները», փոխանցում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը` վկայակոչելով Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Մարիա Զախարովայի երեկվա հայտարարությունը:
Բաց երկնքի մասին պայմանագիրը ստորագրվել է 1992 թվականի մարտի 24-ին Հելսինկիում՝ ԵԱՀԿ-ի անդամ 23 երկրների ներկայացուցիչների կողմից: Ռուսաստանը վավերացրել է փաստաթուղթը 2001-ի մայիսին: Պայմանագրի կողմերը կարող են թռիչքներ իրականացնել միմյանց տարածքներում՝ ռազմական գործողությունները վերահսկելու նպատակով: