Մատչելիության հղումներ

Պուտինն ահաբեկչություն է որակել Սանկտ Պետերբուրգում սուպերմարկետում տեղի ունեցած պայթյունը


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր Սիրիայում ծառայած ռուսաստանցիներին պարգևատրելիս հայտարարել է, որ երեկ Սանկտ Պետերբուրգի սուպերմարկետներից մեկում տեղի ունեցած պայթյունը ահաբեկչություն է:

«Երեկ Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ահաբեկչական ակտ: Ավելի վաղ Ռուսաստանի հատուկ ծառայությունները կարողացել են կանխել ևս մեկ ահաբեկչական գործողություն», - ասել է Պուտինը՝ հավելելով․ - «Իսկ ի՞նչ կլիներ, եթե այդ հազարավոր, հարյուրավոր ահաբեկիչները վերադառնային մեզ մոտ՝ լավ վարժված և զինված»:

Հիշեցնենք, դեկտեմբերին Միացյալ Նահանգների Կենտրոնական հետախուզական վարչության տվյալների շնորհիվ Ռուսաստանի հատուկ ծառայությունները կարողացել են կանխել նույնպես Սանկտ Պետերբուրգում ծրագրվող մեծ ահաբեկչությունը: Ռուսաստանի նախագահը նույնիսկ զանգահարել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և շնորհակալություն հայտնել թե՛ նրան, թե՛ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարին ու աշխատակիցներին՝ ռուսական կողմին այդ տվյալները փոխանցելու համար:

Ռուսաստանի Հաակահաբեկչական ազգային կոմիտեն ստանձնել է Սանկտ Պետերբուրգում երեկվա պայթյունի հանգամանքների հետաքննությունը:

Երեկ երեկոյան Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում՝ Կոնդրատևսկի պողոտայում տեղակայված «Պերեկրյոստոկ» սուպերմարկետում, ինքնաշեն սարք է պայթել: Զոհվածներ չկան, 13 մարդ վիրավորվել է, նրանցից 6-ն այս պահին հիվանդանոցում են, նրանց կյանքին ոչինչ չի սպառնում:

Fontanka.ru-ն մի տեսագրություն է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է ամրակազմ, ենթադրաբար՝ Միջին Ասիայի երկրներից մի տղամարդ պայուսակ տեղադրում սուպերմարկետի պահարաններից մեկում, մի քիչ քայլում խանութում և հեռանում:

Հիշեցնենք՝ ի սկզբանե Սիրիայում ռազմական գործողություններ սկսելիս Ռուսաստանի իշխանությունները հայտարարում էին, որ նախ և առաջ նպատակ ունեն պայքարել ահաբեկիչների դեմ նրանց մուտքը Ռուսաստան և ԱՊՀ կանխելու համար: Պուտինը բազմիցս հայտարարել էր նաև, որ Սիրիայում ահաբեկիչների շարքերում կան Ռուսաստանի և ԱՊՀ մյուս երկրների հազարավոր քաղաքացիներ:

Հավելենք, 2017 թվականի ապրիլի 3-ին Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենի կենտրոնական կայարաններն իրար կապող թունելում ահաբեկչություն տեղի ունեցավ, որի հետևանքով, ըստ վերջին տվյալների, 14 մարդ զոհվեց, շուրջ հինգ տասնյակը վիրավորվեց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG