Մատչելիության հղումներ

Բաքուն «դրական է գնահատում» ԼՂ հակամարտության գոտում դիտորդների առաքելության ընդլայնման ՄԽ միջնորդների առաջարկը


Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիև, արխիվ

Ադրբեջանի արտգործնախարարության մամլո պատասխանատու Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ «Բաքուն դրական է գնահատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում դիտորդների առաքելությունն ընդարձակելու մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկը»:

ՏԱՍՍ ռուսաստանյան լրատվական գործակալության փոխանցմամբ՝ խոսնակը նշել է նաև, որ պարբերաբար անցկացվող մոնիտորինգների միջոցով հակամարտության գոտում հրադադարի ռեժիմը հսկող դիտորդների առաքելությունն ընդարձակելու գաղափարն արդեն մեկ տարի է քննարկվում:

Երեկ Ռուսաստանի փոխարտգործնախարար, պետքարտուղար Գրիգորի Կարասինը «Ինտերֆաքս» գործակալությանն ասել է, թե այդ հարցի վերաբերյալ հակամարտող կողմերին փոխանցվել են կոնկրետ առաջարկներ, և Ադրբեջանի ու Հայաստանի արտգործնախարարները պայմանավորվել են այդ ու մի շարք այլ խնդիրներ քննարկել 2018 թվականի հունվարի երկրորդ կեսին ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի, ամերիկացի և ֆրանսիացի համանախագահների մասնակցությամբ կայանալիք հանդիպման ընթացքում:

Այսօրվա դրությամբ դիտորդական թիմն ունի 6 անդամ: Թե քանի նոր անդամ կարող է միանալ առաքելությանը՝ այս պահին չի հաղորդվում:

Հիշեցնենք, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները այս ամսվա սկզբին հրապարակած հայտարարությամբ ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ են անում փոխզիջումային լուծումներ գտնել, ընդունել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնումը, իրականացնել 2016-ին Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների ժամանակ ընդունված մյուս որոշումները ևս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG