Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է Հայաստանի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2017 թվականի մրցույթի հաղթողների և 2017 թվականի ընթացքում մարզական բարձր նվաճումներ ունեցած մարզիկների պարգևատրման ու մեծարման հանդիսավոր արարողությանը, տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
Նախատոնական հանդիպմանը Հանրապետության Նախագահը շնորհավորել է մարզաշխարհի բոլոր ներկայացուցիչներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթել քաջառողջություն, երջանկություն անձնական կյանքում և նորանոր հաջողություններ համաշխարհային մրցահարթակներում՝ ի փառս հայկական սպորտի և հայրենիքի:
Նախագահ Սարգսյանը ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ասպարեզում ունեցած վաստակի համար պատվավոր կոչումներ է շնորհել մի շարք մարզիկների և մարզիչների, խրախուսել նաև դրամական պարգևներով ու նվերներով:
Միջոցառման շրջանակներում լավագույն տասնյակին Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը հանձնել է հավաստագրեր և խորհրդանիշ-արձանիկներ, իսկ մրցանակները հանձնել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Հանդիսավոր արարողության ժամանակ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Հանրապետության Նախագահին է փոխանցել Բանակի կենտրոնական մարզական ակումբի հիմնադիրներից մեկին` Արմենակ Ալաջաջյանին ակումբի 80-ամյակի առթիվ շնորհված հոբելյանական գավաթը:
Սերժ Սարգսյանը մարզիկների պարգևատրման և մեծարման հանդիսավոր արարողության ժամանակ իր շնորհավորական խոսքն է հղել մարզաշխարհի ներկայացուցիչներին: