Մատչելիության հղումներ

«Իգլա»-ի գործով հետախուզվողին Վրաստանը հանձնել է Հայաստանին

update

«Իգլա»-ի գործով դատավարությունը Երևանում, արխիվ

Սամվել Բաբայանի դատաքննությունից 9 ամիս անց Վրաստանը Հայաստանին է հանձնել «Իգլայի» գործով հետախուզման մեջ գտնվող Ռոբերտ Աղվանյանին՝ այս մասին այսօր տեղեկացրել է Գլխավոր դատախազությունը։

Ինչպես նշված է պաշտոնական հաղորդագրությունում՝ քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով Վրաստանից Հայաստան է տեղափոխվել «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիրի մաքսանենգության և դրա ապօրինի շրջանառության համար հետախուզման մեջ գտնվող Աղվանյանը: Նա հայտնաբերվել էր դեռ մարտի 27-ին Թբիլիսի քաղաքում, բայց հանձնվեց միայն 9 ամիս անց։ Գործի քննությունը վարում է Ազգային անվտանգության ծառայության Քննչական վարչությունը։

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի գործում Աղվանյանը առանցքային մեղադրյալներից էր։

Ըստ գործ նյութերի, լինելով Էջմիածնի նախկին բնակիչ և վերջին տարիներին բնակվելով Վրաստանում, Աղվանյանը 38 հազար ԱՄՆ դոլարի դիմաց պատրաստակամություն էր հայտնել տրամադրել դյուրակիր զենիթահրթիռային համալիրը։ Դատական տեղեկատվական համակարգի կայքում նշվում է՝ դատաքննությամբ հաստատվել էր, որ Սամվել Բաբայանի կողմից նյութապես շահագրգռվելու խոստում ստանալու պայմաններում Սանասար Գաբրիելյանն ապօրինի ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և փոխադրելու հարցով նախնական համաձայնություն է ձեռք բերել նախ՝ Արմեն Պողոսյանի, վերջինիս միջոցով՝ Հրաչյա Մայիլյանի, ապա՝ նաև Ռոբերտ Աղվանյանի հետ։ Աղվանյանն, էլ չպարզված աղբյուրից, ենթադրաբար ձեռք է բերել և Հայաստանում պահել «Իգլան» և 4,000 ԱՄՆ դոլար կանխավճար ստանալով՝ այն հանձնել է Հրաչյա Մայիլյանին։

Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանն «Ազատության» հետ զրույցում այսօր նշեց՝ Աղվանյանի Հայաստան տեղափոխումը Բաբայանի գործում ոչ մի ազդեցություն ունենալ չի կարող, քանի որ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարարը բազմիցս հայտարարել է, որ չի ճանաչում «Իգլա» վաճառող Ռոբերտ Աղվանյանին։

«Բացի Սանասար Գաբրիելյանից՝ Սամվել Բաբայանը մյուս բոլորին չի ճանաչել: Հենց իրենք էլ դատաքննության ժամանակ դա ասացին: Խոսքը վերաբերում է Արմեն Պողոսյանին, Հրաչյա Մայիլյանին», - մանրամասնեց Քալաշյանը: - «Միայն մի բան կարող եմ հստակ ասել, որ դա Սամվել Բաբայանի վրա որևէ կերպ չի կարող ազդել, որովհետև հաստատապես նրանք իրար չեն ճանաչել: Թե ինչ կարող է մնացած առումով փոխվել՝ ես չեմ կարող ասել, դա քննության ընթացքը պետք է ցույց տա: Եթե նրա ցուցմունքը նույնպիսին լինի, ինչպիսին Արմեն Պողոսյանի, Հրաչյա Մայլիյանի ու Սանասար Գաբրիելյանի ցուցմունքներն են, ապա չեմ կարծում, որ որևէ նոր բան կարող է առաջանալ», - հավելեց փաստաբանը:

Քալաշյանն ասաց՝ Ռոբերտ Աղվանյանի հետ դեռ պետք է քննչական գործողություններ կատարվեն, քանի որ գործում նրա հարցաքննության մասին տվյալներ չկան։ Ըստ պաշտպանի՝ Աղվանյանին չի ճանաչել նաև Սանասար Գաբրիելյանը, ում միջոցով, ըստ դատավճռի, Բաբայանը կարողացել է ձեռք բերել «Իգլան»։ Քալաշյանն ասաց՝ պետք է սպասել քննչական գործողությունների ավարտին։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-ին Սամվել Բաբայանը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման և ըստ էության, դատարանն այս գործում ներգրավված 7 ամբաստանյալներից ամենախիստ պատժաչափը կիրառեց հենց նրա նկատմամբ։ Դատավորը վճռեց, որ նա դրդել է մի խումբ անձանց ձեռք բերել, փոխադրել և պահել ապօրինի զենք՝ «Իգլա» զենիթահրթիռային համալիրը, ինչպես նաև փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված եվրո թղթադրամներ:

Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանն «Ազատությանը» նաև տեղեկացրեց, որ Բաբայանին 6 տարվա ազատազրկման դատապարտելու՝ առաջին ատյանի դատարանի վճիռը իրենց կողմից արդեն իսկ բողոքարկվել է Վերաքննիչ դատարանում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG