Ոստիկանության պարեկապահակետային գնդի (ՊՊԾ) գնդի տարածքը գրավելու մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» զինված խմբի 10 անդամների դատավարության ժամանակ այսօր կրկին միջադեպ տեղի ունեցավ մեղադրող դատախազների և մեղադրյալների միջև։
Դեռ անցած նիստի ժամանակ նիստերի դահլիճից հեռացված Արայիկ Խանդոյանի փաստաբանը դատարանին առաջարկեց նրան հետ բերել։ Երբ փաստաբան Արա Ղարագյոզյանն այդ մասին էր խոսում, հանկարծ լսվեց դատախազների ձայնը։ Աղմուկ բարձրացավ։ Արա Ղարագյոզյանն ասաց, որ դատախազներ Հակոբ Ենոքյանի և Արամ Արամյանի կողմից լսել է վիժվածք բառը։
Դատավոր Մեսրոպ Մակյանը փորձեց պարզել տեղի ունեցածը։ Ըստ այդմ՝ ինչպես հայտարարեց դատախազ Արամ Արամյանը, իրենց հասցեին մեղադրյալների կողմից անվայելուչ արտահայտություններ են հնչել, իրենք էլ հակադարձել են:
Կողմերին լսելուց հետո դատավոր Մեսրոպ Մակյանը նախազգուշական սանկցիա կիրառեց թե՛ Գագիկ Եղիազարյանի, թե՛ մեղադրող դատախազ Արամ Արամյանի նկատմամբ:
Դատավորը նաև սանկցիայի ենթարկեց Սմբատ Բարսեղյանի պաշտպան Հայկ Ալումյանին՝ որոշում կայացրեց նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար դիմել Փաստաբանների պալատ։ Պատճառն Ալումյանի բացակայությունն էր։ Դատավորը հայտարարեց, որ փաստաբանին ինքը թույլ չի տվել հեռանալ նիստերի դահլիճից։ Անցած շաբաթ Ալումյանը հեռացել էր, քանի որ նրա պաշտպանյալ Սմբատ Բարսեղյանը դատարանի կողմից մի քանի ժամ սանկցիայի ենթարկվելուց հետո նրան ցուցում էր տվել՝ առանց իր ներկայության չգտնվել նիստերի դահլիճում։ Փաստաբան Մուշեղ Շուշանյանը անօրինական որակեց գործընկերոջ վերաբերյալ դատարանի այս որոշումը։
«Սմբատ Բարսեղյանը հստակ հայտարարեց, որ նախորդ դատական նիստի ընթացքում ինքը հրաժարվել է Հայկ Ալումյանի ծառայություններից, հետևաբար, այդ պահից սկսած, Հայկ Ալումյանը Սմբատ Բարսեղյանի պաշտպանը չի հանդիսացել, հետևաբար նա չէր կարող առանց դատարանի թույլտվության, անօրինական կերպով լքել դատական նիստերի դահլիճը», - նշեց Շուշանյանը։
Ի դեպ, Սմբատ Բարսեղյանն արդեն հինգ օր է հացադուլի մեջ է։ Նա այդ քայլով պահանջում է իրեն Նուբարաշենի բանտից տեղափոխել Արմավիրի բանտ։ Այսօր նման հայտարարություն արեց արդեն 10 օր հացադուլի մեջ գտնվող մեկ այլ մեղադրյալ Արմեն Բիլյանը․ - «Ինչքան ուզում է այս թղթաբանությունը, այս ամեն ինչը ձգձգեն, ես դուրս չեմ գալու հացադուլից: Կմեռնեմ, բայց դուրս չեմ գա հացադուլից»:
Բիլյանի պաշտպան Արմինե Ֆանյանը դեռ անցած շաբաթ էր հայտարարել, որ պաշտպանյալն առողջական խնդիրներ ունի և նաև այդ պատճառով է դիմել բողոքի ծայրահեղ այդ քային։ Ֆանյանն այսօր ասաց՝ Բիլյանը չի կարող պահվել Նուբարաշենի բանտում, քանի որ այնտեղ պայմաններն անմարդկային են․ - «Պահանջը վերաբերում է, մասնավորապես, նրա բժշկական հետազոտություններին, որոնք մեր բազմաթիվ դիմումներին ի պատասխան՝ չեն կազմակերպվել, անհիմն մերժվել են»:
Դատավոր Մեսրոպ Մակյանը խոստացավ զբաղվել Բիլյանի տեղափոխման հարցով։
Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ հացադուլավորների վիճակը բավարար է գնահատվում։
Այսօրվա դատական նիստին մեղադրյալները կրկին քննադատական հայտարարություններով հանդես եկան, իշխանության վարած քաղաքականությանն անդրադարձան։ Սմբատ Բարսեղյանը հայտարարեց՝ ինքն իր կյանքը զոհասեղանին է դրել հանուն հայրենիքի․ - «Ես անձնապես ինձ դրել եմ զոհասեղանին, իմ հայրենիքն է այստեղ կարևոր»:
Պավել Մանուկյանն էլ կրկին պնդեց՝ իրենք ապստամբել են, քանի որ դեմ են եղել ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում հող հանձնելու գաղափարին․ - «Տարածքները տալիս են: Ո՞վ է տվել այդ իրավունքը, դա մի՞թե դավաճանություն չէ»:
Հիշեցնենք՝ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը և ՊՊԾ գնդի գրավումից մեկ ամիս առաջ կալանավորված «Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակումը պահանջող «Սասնա ծռեր» զինված խումբը մոտ երեք տասնյակ անդամներով գնդի տարածքը գրաված պահեց 15 օր, ինչից հետո զենքերը վայր դրեց և հանձնվեց իրավապահներին։ Այդ ընթացքում երեք ոստիկան զոհվեց։ Նախաքննական մարմինը ոստիկաններ Արթուր Վանոյանի, Յուրի Տեփանոսյանի և Գագիկ Մկրտչյանի սպանության մեջ մեղադրում է հացադուլ հայտարարած Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին։