Մատչելիության հղումներ

Թուրքիայի նախկին նախագահ Գյուլը քննադատել է կառավարության վերջին որոշումները


Աբդուլա Գյուլ, արխիվ
Աբդուլա Գյուլ, արխիվ

Արդյոք Թուրքիայի կառավարությունը պաշտոնապես արդարացնում է 2016-ի հուլիսյան հեղաշրջման ընթացքում իր աջակիցների կողմից ձեռնարկված բռնությունները, որոնց հիմնական թիրախը զինվորականներն էին: Այս թեման վերջին օրերին Թուրքիայում քննարկվող թերևս ամենահրատապ խնդիրն է:

Բանավեճը սկիզբ առավ կիրակի օրը կառավարության կողմից հատուկ հրամանագրի հրապարակումից հետո: Դրա համաձայն՝ իշխող «Արդարարություն և զարգացում» կուսակցության այն բոլոր կողմնակիցները, որոնք 2016-ի հուլիսի 15-ի ուշ երեկոյան դուրս էին եկել Ստամբուլի և Անկարայի փողոցները` բախումների մեջ մտնելով հեղաշրջման փորձ իրականացնող զինվորականների հետ, որևէ քրեական պատիժ չեն կրի, անգամ եթե խախտել են օրենքը: Օրենքի խախտում ասելով էլ հրամանագրի հեղինակները նկատի ունեն նախևառաջ զինվորականների հանդեպ այն հաշվեհարդարներն ու Լինչի դատաստանները, որոնք հաջորդեցին մեկը մյուսին հուլիսի 16-ի առավոտյան` հեղաշրջման վերջնական պարտությունից հետո:

Առաջիններից մեկը կառավարության այս որոշմանն արձագանքեց նախկին նախագահ Աբդուլա Գյուլը: Twitter-ի իր էջում Թուրքիայի 11-րդ նախագահը լուրջ կասկածներ էր հայտնում, թե նման որոշումը որևէ աղերս ունի օրենքի գերակայության հետ: «Հրամանագրում տեղ գտած ձևակերպումները մտահոգիչ են: Հուսով եմ, որ դրանք կվերանայվեն` հետագայում տարատեսակ խնդիրներից խուսափելու համար», - գրել է Գյուլը:

Առավել կտրուկ քննադատությամբ հանդես եկան թուրք իրավաբանները: Ստամբուլի և Անկարայի փաստաբանների ընկերակցությունները հանդես եկան համատեղ հայտարարությամբ` քննադատելով ինչպես Ռեջեփ Էրդողանի կողմնակիցներին անձեռմխելիությամբ օժտող այս որոշումը, այնպես էլ անցած շաբաթավերջին ընդունված մեկ այլ հրամանագիր: Դրանով 2016-ի հեղաշրջմանն առնչություն ունենալու կասկածանքով ավելի քան 2 հազար 700 պետական ծառայողներ հեռացվել էին աշխատանքից: «Սրանք վերջին երկու մեխերն էին այդ դագաղի կափարիչին, որտեղ հանգչում է թուրքական օրենքը», - պատկերավոր համեմատությամբ էին հանդես եկել հայտարարության հեղինակները:

Իսկ Թուրքիայի փաստաբանական ընկերակցությունների միության ղեկավար Մեթին Ֆեյզիօղլուն, չբավարարվելով կոշտ հայտարարությամբ, նաև տեսաուղերձով հանդես եկավ` դիմելով Ռեջեփ Էրդողանին: Նրա համոզմամբ՝ այս որոշմամբ կառավարությունը անպատժելիության մթնոլորտ է ձևավորում իշխանամետ հայացքներ ունեցող մարդկանց շրջանում:

«Վաղը մարդիկ սկսելու են կրակել իրար վրա: Ինչպես ե՞ք դուք դա կանխելու: Դուք մի օրենք եք ընդունել, որի համաձայն՝ երկրի քաղաքացիների կողմից միմյանց սպանելն ու Լինչի դատաստանի ենթարկելը մնում է անպատիժ, զոհերին անգամ փոխհատուցում չի տրամադրվում: Պարոն նախագահ, Դուք գոնե հասկանու՞մ եք ինչ եք անում», - դիմելով Էրդողանին՝ նշում էր Ֆեյզիօղլուն:

Թուրքիայի առաջատար ընդդիմադիր ուժը` Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը, արդեն իսկ հայտարարել է, որ կիրակի օրն ընդունված հրամանագրերի օրինականությունը պատրաստվում է բողոքարկել Սահմանադրական դատարանում:

Թուրքական իշխանությունները, սակայն, պնդում են, որ ընդդիմության և փաստաբանական հանրության կողմից բարձրաձայնվող բոլոր մտավախությունները իրականում ինքնանպատակ քննադատություն են` միտված իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության դիրքերի թուլացմանը:

Անդրադառնալով վիճահարույց հրամանագրերին՝ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը այսօր հայտարարում էր․ - «Այս հրամանագրերի նպատակը այն մարդկանց պաշտպանելն է, որոնք շտապեցին փողոց: Նրանք հեղաշրջման փորձը կանխելու համար իրենց կյանքն էին զոհաբերում»: «Դա ավելի քան հստակ է: Որևէ մեկն իրավունք չունի շեղել հանրության ուշադրությունը», - Անկարայի միջազգային օդանավակայանում` Սաուդյան Արաբիա մեկնելուց առաջ, հայտարարում էր Թուրքիայի վարչապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG