Մատչելիության հղումներ

Երեք հայազգի հոկեյիստ Ռուսաստանի երիտասարդական թիմի կազմում կմասնակցի աշխարհի առաջնությանը


Կանադա - Հոկեյի աշխարհի առաջնության Ռուսաստան-Շվեդիա հանդիպումը, սեպտեմբեր, 2016թ․
Կանադա - Հոկեյի աշխարհի առաջնության Ռուսաստան-Շվեդիա հանդիպումը, սեպտեմբեր, 2016թ․

Այսօր ԱՄՆ-ի Բուֆալո քաղաքում մեկնարկում է հոկեյի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Ռուսաստանի հավաքականում երեք հայազգի հոկեյիստ կա: Երեքն էլ հարձակվողներ են՝ Արտյոմ Մանուկյանը, Անդրեյ Ալտիբարմակյանը, Ալեքսեյ Փոլադյանը: Մանուկյանը «Օմսկի բազեներ»-ից է, Ալտիբարմակյանն ու Փոլադյանը խաղում են Սանկտ Պետերբուրգի СКА-Нева սպորտային ակումբում:

Ռուսաստանի հավաքականի կազմը՝ որոշ մեկնաբանություններով, ներկայացված է «Հոկեյի կոնտինենտալ լիգայի» պաշտոնական կայքում: «Հավաքականը յուրահատուկ է նաև այն առումով, որ այնտեղ հայկական արմատներով երեք հոկեյիստ կա», - նշված է կայքում:

Հավաքականի հարվածային ուժը համարվում է առաջին օղակը, որտեղ ընդգրկված են երկու հայ հարձակվողները՝ Փոլադյանը, Ալտիբարմակյանը, և Միխայիլ Մալցևը: Նրանք բոլորը Սանկտ Պետերբուրգի նույն թիմից են: Հարձակվողների երկրորդ օղակում Կանադայում խաղացող ռուսաստանցի հոկեյիստներն են, երրորդ օղակում Արտյոմ Մանուկյանն է: Արտյոմ Մանուկյանը Ռուսաստանի հոկեյի երիտասարդական լիգայի (МХЛ) անցած մրցաշարի լավագույն ռմբարկուն է: Նա 60 խաղում 105 միավոր էր հավաքել (39+66): Սա նաև ռեկորդ է՝ հոկեյի երիտասարդական լիգայում ոչ մեկը 100 միավոր չէր հավաքել:

Արտյոմ Մանուկյանի ընտանիքը Սիբիր է տեղափոխվել Հայաստանից: Սպորտային կայքերում նշված է, որ նա Ռուսաստանի և Հայաստանի քաղաքացի է: Նրա եղբայրը նույնպես հոկեյիստ է: Արտյոմ Մանուկյանը հարցազրույցներից մեկում պատմել է, որ երբ եղբոր հետ նոր էին սկսում հոկեյ խաղալ, հայրը կարողացել էր երկուսի համար մեկ համազգեստ գնել:

Պետերբուրգցի Անդրեյ Ալտիբարմակյանի հայրը՝ Ռուսլան Ալտիբարմակյանը «Սպորտ Էքսպրես» կայքին անցած ամիս տված հարցազրույցում ասել է, թե չէին մտածում, որ Անդրեյը հանդես կգա պրոֆեսիոնալ լիգայում, կնոջ խորհրդով տղային հոկեյի ակումբ էին ուղարկել առողջությունը ամրապնդելու նպատակով: Նա Փոլադյանի հետ խաղում է նույն թիմում, վերջինիս հայրը՝ Ալբերտ Փոլադյանն ասել է, որ նրանց «դուետը» լավ է ստացվում, հասկանում են միմյանց, ոչ մեկը ագահություն չի անում, իսկ «բնավորությունն ու կովկասյան արմատները վստահություն են ներշնչում»: Ալեքսեյ Փոլադյանը Ռուսաստանի հոկեյի ֆեդերացիայի կայքին տված հարցազրույցում ասել է՝ Ռուսաստանում միայն ալարկոտները չեն կատակում, թե հայերին քաշում են երիտասարդական հավաքական: «Հավաքականում դա տարածված թեմա է, տղաները շատ լավ են կատակում, իսկ մենք դեմ չենք», - նշել նա:

Ռուսաստանի հոկեյի երիտասարդական հավաքականի մարզիչ Վալերի Բրագինը թիմի վերջնական կազմում 23 հոկեյիստի է հայտարարագրել՝ 3 դարպասապահ, 8 պաշտպան և 12 հարձակվող:

Բուֆալոյում այսօր երեկոյան Ռուսաստանի հավաքականը առաջին հանդիպումն է անցկացնելու՝ Չեխիայի ընտրանու հետ: Աշխարհի առաջնությունում նույն խմբում ընդգրկված են Ռուսաստանը, Չեխիան, Շվեդիան, Շվեյցարիան և Բելառուսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG