Եվրամիությունը քննադատել է ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիին նախագահական ընտրություններում չգրանցելու՝ Ռուսաստանի իշխանությունների որոշումը: «Դա լուրջ կասկածի տակ է դնում Ռուսաստանում քաղաքական բազմակարծությունը», - հայտարարել է Միության արտգործնախարարի խոսնակ Մայա Կոսինյանչիչը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ մերժել է գրանցել ընդդիմադիր գործչի թեկնածությունը՝ պնդելով, թե նա պայմանական ազատազրկման է դատապարտված «Կիրովլես»-ի վիճահարույց գործով:
«Ստրասբուրգի դատարանը վճռել էր՝ Նավալնին այդ գործով զրկված է եղել արդար դատաքննության իրավունքից», - հայտարարել է Եվրամիության արտգործնախարարությունը՝ հավելելով․ - «Քաղաքական ենթատեքստ ունեցող մեղադրանքները չպետք է արգելափակեն քաղաքական մասնակցությունը: Մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանի իշխանությունները հավասար պայմաններ կապահովեն, այդ թվում՝ նախագահական ընտրությունների ընթացքում»: