Ռուսաստանի փոխվարչապետ Վիտալի Մուտկոն 6 ամսով թողնում է երկրի Ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարի պաշտոնը՝ ժամանակ առ ժամանակ հնչող դոպինգային մեղադրանքների պատճառով:
Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) ավելի վաղ որոշում է կայացրել առհասարակ արգելել Մուտկոյին որևէ առնչություն ունենալ Օլիմպիական խաղերին:
Փոխվարչապետն ասել է, որ դադարեցնում է գործունեությունը Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում, որպեսզի պաշտպանի իր պատիվը սպորտային արբիտրաժային դատարանում, ուր պատրաստվում է դիմել այսօր՝ վիճարկելու ՄՕԿ որոշումը։
Մուտկոն, հիշեցնենք, 2014 թվականին զբաղեցնում էր Ռուսաստանի սպորտի նախարարի պաշտոնը և Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերի հիմնական համակարգողներից էր։