Մատչելիության հղումներ

«Գիտեմ, թե ինչու են հիմա Մոսկվայում շատերը նյարդայնացած». Atlantic Council-ի փորձագետ


Դենիել Ֆրիդը, արխիվ
Դենիել Ֆրիդը, արխիվ

Մինչև հաջորդ տարվա հունվարի վերջ Սպիտակ տունը պետք է Կոնգրեսին ներկայացնի «կրեմլյան զեկույցը»՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մտերիմ դաշնակիցները համարվող բարձրաստիճան պաշտոնյաների և մեծահարուստների ցուցակը:

Դա պահանջվում է այս տարվա օգոստոսին նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրած «ԱՄՆ-ի հակառակորդներին հակազդելու պատժամիջոցների ցանկի» մասին օրենքով:

Ինչո՞ւ է անհրաժեշտ նման ցանկը և ի՞նչ իրական հետևանքներ այն կունենա՝ այդ հարցերը «Կոմերսանտ» մոսկովյան պարբերականին տված հարցազրույցում պարզաբանել է Atlantic Council վաշինգտոնյան վերլուծական կենտրոնի փորձագետ, պատժամիջոցների քաղաքականության նախկին համակարգող Դենիել Ֆրիդը, ով 2005-2009 թվականներին զբաղեցրել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնը:

Ֆրիդի փոխանցմամբ, «կրեմլյան զեկույցում» հիշատակվելը չի նշանակում մեխանիկորեն հայտնվել հնարավոր պատժամիջոցների ցանկում:

«Կարծում եմ, այդ մարդիկ անմիջապես չեն բախվի ինչ-որ ֆինանսական դժվարությունների, բայց ցուցակում հայտնվելու բուն փաստը կմեծացնի ապագայում պատժամիջոցների ենթարկվելու վտանգը, Թրամփի ստորագրած օրենքում չի ասվում, որ զեկույցը կդրվի նոր սանկցիոն ցուցակ կազմելու հիմքում, սակայն չեմ ուզում թաքցնել, որ Կոնգրեսում շատերը ցանկանում են հենց այդ նպատակով օգտագործել ցուցակը», - նշել է Ֆրիդը և ավելացրել. - «Արդյունքում այդպես էլ կարող է ստացվել, դա շատ հավանական է, և այդ կապակցությամբ ես հասկանում եմ, թե ինչու են հիմա Մոսկվայում շատերը նյարդայնացած»:

Սպիտակ տունը շատ ակտիվ է աշխատում զեկույցի վրա, իրենց մասնակցությունն ունեն ֆինանսների նախարարությունը, Պետական դեպարտամենտը և մի շարք այլ գերատեսչություններ:

«Կրեմլյան զեկույցը» յուրօրինակ պատասխան է այն ամենին, ինչ տեղի է ունեցել 2016 թվականին՝ խոսքը նախևառաջ ամերիկյան ընտրություններին ռուսների միջամտության մասին է, բայց զեկույցը կարտացոլի Միացյալ Նահանգների խորը մտահոգությունը նաև Եվրոպայում ռուսների նմանօրինակ գործողությունների և Ուկրաինայի հանդեպ վարած քաղաքականության առնչությամբ:

Թե որքանով են Վաշինգտոնում կարևորում այդ զեկույցը, վկայում է մի տպավորիչ հանգամանք՝ Կոնգրեսի երկու պալատներում թե՛ հանրապետականների և թե՛ դեմոկրատականների գերիշխող մեծամասնությունը հավանություն է տվել «ԱՄՆ-ի հակառակորդներին հակազդելու պատժամիջոցների ցանկի» մասին օրենքին:

Ֆրիդը «Կոմերսանտ»-ի թղթակից Ելենա Չերնենկոյին ասել է, որ Վաշինգտոնում որևէ մեկին չի գոհացնում ռուս-ամերիկյան հարաբերությունների ներկայիս մակարդակը:

«Ես շատ կցանկանայի, որ մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ լինեին այլ վիճակում, բայց Ռուսաստանը երկու պատերազմ է վարել հարևանների հետ, միջամտել է մեր ընտրություններին և այլ երկրների գործերին, Ռուսաստանի իշխանությունները պետք է գիտակցեն, որ այդ գործողությունները չեն կարող անհետևանք մնալ», - ընդգծել է Դենիել Ֆրիդը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG