Մատչելիության հղումներ

Լեջանի համար 2017-ը «ձեռքբերումների տարի էր»


Լեջանցի 9-ամյա Վաղուլը հերթով ցույց է տալիս հարևանների տներն ու փորձում վերհիշել՝ որտեղ ով ծնվեց, ով ամուսնացավ կամ լքեց գյուղը:

«Էս տեղը մարդ չի ապրում.... էս Գոռիկանց տուննա՝ հընգորս», - պատմում է նա: - «Նկարեք ու գնացեք: Եթե չեք ուզում, առանց նկարիլ գնացեք»:

Վաղուլը գյուղի հարուստ, խոպանչի կամ չունևոր բնակիչներին հատ հատ գիտի։ Տատը գյուղի բախտագուշակն է։ Եկող-գնացողները շատ են։ Ափսոս՝ «Ազատության» այցի օրը տատի բախտ նայելու օրը չէր. երկրի լավուվատի մասին աստղերը միայն երկուշաբթի կարող են խոսել։

Լեջանի վարչական ղեկավար Արմեն Մկրտչյանն է գյուղի մյուս բախտագուշակը։ Դեռ գյուղապետ եղած ժամանակ «Ազատությանն» ասել էր՝ դևեր է քշում, դիվահարություն բուժում։ «Ազատության» հարցի՞ն՝ դևերի գործը ինչպե՞ս է ընթանում, ասաց՝ «Էդ գործով չենք զբաղվում, Սրբազանը նեղանում ա, ասում ա էդ գործերով մեք զբաղվի»:

Անգամ եթե դևերից փրկող կա, գյուղում գայլերից փրկություն չկա։ Անտառում սոված մնացող գայլերը Լեջանում են կշտանում։ 2017-ին սոված գայլերն առնվազն 30 ոչխար են կերել

«Գեղովի կարում չենք գազաններին ռադ անենք, որ մեր անասունը մնա։ Բա, ուտում ա, գելն ուտում ա։ Գող չունենք, մենակ գել ունենք», - պատմում է ոչխարապան Գևորգը: 2017-ին գրեթե եկամուտ չի տեսել՝ ունեցած 5 ոչխարն աչքի լույսի պես է պահում՝ գելուգազանից հեռու, հաջորդ տարի մի արդյունք ստանալու հույսով։

Գայլերի ու դևերի գոյությունից անկախ՝ Լեջանի վարչական ներկայացուցիչ Արմեն Մկրտչյանն ասում է՝ 2017 թվականը գյուղի համար ձեռքբերումների տարի էր։ - «Գյուղապետերանի տանիքը վերանորոգվեց, մանկապարտեզի տանիքը վերանորոգվեց։ Հանդիսությունների սրահը ամբողջությամբ կահավորվեց», - պատմում է նա:

Գյուղի հանդիսությունների կահավորված սրահում անցած կիրակի հարսանիք էր։ Գյուղովի Հայկի ամուսնությունն են տոնել։ Անգամ Վաղուլն է մասնակցել։ - «Իրա հըրսանքի վախտը ես մի օր եմ ընդամենը գնացել։ Երկրորդ օրն էի գնացել՝ կարմիր խնձորի վախտը էլի», - պատմում է փոքրիկը:

Լեջանում մինչև տարեվերջ այլևս հասանիք չի լինի։ Ամանորի են պատրաստվում։ Վաղուլը լուր ստացավ, որ դպրոցում քաղցրավենիքով տոպրակներ են բաժանում։ Վազեց, ստացավ, հետ եկավ։

Ամանորից առաջ Լեջանի 4 խանութներում փոքր-ինչ եռուզեռ կա, անգամ ագարակցի Գեորգիի գործերն են լավ գնում։ Չնայած երկուսուկես միլիոնի կուտակված պարտք ունի հավաքելու, բայց սեփական մեքենայով անանաս, կիտրոն ու ձկան իկրա էր բերել Լեջանի գյուղամեջ։ Լավ, թե վատ՝ ամանորի սեղանի համար հաստատ ամեն տուն մի բան կտանի, ասում է, բայց «նիսյայի» հարցը լուրջ է. Տարին զրոյով է փակում։ - «Տեղներուն նեղ, ով դավերիոննի ա՝ տալիս եմ, ով չէ՝ էլ չեմ տալի, արդեն 6 տարի ա ես սենց կուշտ եմ», - պատմում է նա:

Գեորգիին պարտք ունեցողներն արդարանում են՝ մեղավոր չեն, տարին լավ չէր։ - «Կարտոշկա ցանեցինք՝ 4 ամիս անձրև չեկավ, կարտոշկեն չելավ։ Կուկուրուզ ցանեցինք՝ չելավ», - դժգոհում են նրանք:

Լեջանցի Վաղուլենք տանը տոնածառ դեռ չեն զարդարել, խոզը մորթելու և իրացնելու դժվար գործի մեջ են, ժամանակ չկա։ Վաղուլն էլ, օգտվելով տնեցիների զբաղվածությունից, տան բակում «բոմբեր» է «տրաքացնում», չնայած դրանց որակից այս տարի գոհ չէ, թույլ են տրաքում, ասում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG