Մատչելիության հղումներ

«Մեզ հնարավոր չէ չգրանցել». Նավալնին ԿԸՀ ներկայացրեց առաջադրման փաստաթղթերը


Երեկ երեկոյան ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել իր աջակիցների ստորագրությունները։

«Մեզ հնարավոր չէ չգրանցել», - հայտարարել է Նավալնին՝ նշելով. - «Առանց մեզ ընտրություններն ընտրություններ չեն»։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է հինգ օրվա ընթացքում ստուգի ներկայացված փաստաթղթերը և որոշում կայացնի` գրանցե՞լ Նավալնիին որպես թեկնածու, թե՞՝ ոչ։

Նախաձեռնող խումբը հավաքվել էր մոսկովյան ‘’Серебряный бор’’ լողափում, քանի որ, ըստ Նավալնիի, Մոսկվայում նրանց պարզապես հրաժարվել են դահլիճ տրամադրել։ Աջակիցների հավաքին ներկա են եղել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչները։

Նավալնիին որպես նախագահի թեկնածու առաջադրելու համար անհրաժեշտ էր 500 ստորագրություն, լողափում նրա օգտին քվեարկել է 742 քաղաքացի։

Իր ելույթում ընդդիմադիր գործիչն ասել է, որ, ի տարբերություն այլ թեկնածուների, ինքը գնում է ընտրություններին հաղթելու, և որ չի վախենում Պուտինից։

«Եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ինձ չգրանցի որպես թեկնածու, մենք կկազմակերպենք ընտրողների համառուսաստանյան գործադուլ և կբողոքարկենք որոշումները թե՛ Սահմանադրական դատարանում, թե՛ եվրոպական ատյաններում», - հայտարարել է Նավալնին։

Ընդդիմադիր գործիչը նաև կոչ է արել մյուս թեկնածուներին, այդ թվում՝ նաև Քսենիա Սոբչակին, իրեն չգրանցելու դեպքում հանել թեկնածությունները և Պուտինին մենակ թողնել։

Նշենք, որ ավելի վաղ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել էր, որ ըստ ռուսաստանյան օրենսդրության, Նավալնին չի կարող գրանցվել որպես նախագահի թեկնածու, քանի որ «Կիրովլես»-ի գործով նրա դեմ կայացված դատական վճիռը շարունակում է մնալ ուժի մեջ: Ըստ հանձնաժողովի նախագահ Էլյա Պանֆիլովայի, Նավալնին իրավունք կունենա մասնակցել ընտրություններին միայն 2028-ից հետո։

Նավալնին, սակայն, արդեն շուրջ մեկ տարի է ակտիվ քարոզարշավ է անցկացնում։

Ռուսաստանում հերթական նախագահական ընտրություններն անցկացվելու են 2018 մարտի 18-ին:

Նախագահի թեկնածու առաջադրվելու մտադրության մասին մասնավորապես հայտնել են գործող նախագահ Վլադիմիր Պուտինը, հեռուստալրագրող Քսենիա Սոբչակը, գործարար Սերգեյ Պոլոնսկին, ձեռնարկատերերի իրավունքների պաշտպան Բորիս Տիտովը։ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին արդեն ԿԸՀ-ում պաշտոնապես գրանցվել է որպես նախագահի թեկնածու:

Այս ընտրարշավի հիմնական ինտրիգներից մեկը կոմունիստների թեկնածուն է: Կոմունիստների առաջնորդ, նախագահական ընտրությունների ավանդական թեկնածու Գենադի Զյուգանովը հրաժարվել է մասնակցել եկող տարի կայանալիք ընտրություններին, և նրա փոխարեն կոմունիստներն ուզում են առաջադրել Լենինի անվան սովխոզի տնօրեն, անկուսակցական Պավել Գրուդինինին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG