Ժամեր առաջ Քաբուլում մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն Աֆղանստանի Ազգային անվտանգության ծառայության շենքի մուտքի մոտ, զոհվել է առնվազն վեց մարդ: Երկրի առողջապահության նախարարության տվյալներով՝ վիրավորվել են երեքը, ովքեր տեղափոխվել են հիվանդանոց:
Reuters-ի փոխանցմամբ՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը իր Amaq լրատվական գործակալության միջոցով տարածած հայտարարությամբ ստանձնել է պայթյունի պատասխանատվությունը:
Քաբուլում Ազգային անվտանգության ծառայության ուսումնական կենտրոնի նկատմամբ ճիշտ մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած հարձակման պատասխանատվությունը ևս ստանձնել էր «Իսլամական պետություն»-ը: Այդ հարձակման հետևանքով զոհվել է երեք մարդ:
Հիշեցնենք՝ ՆԱՏՕ-ի գլխավորությամբ հայաստանյան զինվորականները նույնպես մասնակցում են Աֆղանստանում իրականացվող խաղաղապահ առաքելությանը: