Մատչելիության հղումներ

Գյումրիի դրամատիկական թատրոնում ոգևորված են 2017-ի ցուցանիշներով


Գյումրիի դրամատիկական թատրոնը երեք տասնամյակի ընթացքում ամենամեծ թվով հանդիսատես է ունեցել այս տարի՝ շուրջ 41 հազար 500: Աճեմյանցիները 141 ներկայացում են խաղացել, գրեթե երկու օրը մեկ թատրոնում ներկայացում է ցուցադրվել, ընդ որում՝ ներկայացումներից 7-ը եղել են պրեմիերաներ:

Դրամատիկական թատրոնը նաև տոմսերի աննախադեպ վաճառք է ունեցել, նշում է տնօրեն Տիգրան Վիրաբյանը: «Այս տարի Գյումրու դրամատիկական թատրոնը իր տոմսերի վաճառքով նույնպես մեծ ցուցանիշ է գրանցել: Եթե մենք անցած տարի՝ 2016-ին ունեցել ենք ընդամենը 18 միլիոն դրամի տոմսերի վաճառք, մենք 2017-ի ընթացքում ունենք 31 միլիոն դրամ տոմսերի վաճառք․ սա ևս շատ կարևոր ցուցանիշ է», - ասաց Վիրաբյանը:

Այս տարի Գյումրիի դրամատիկական թատրոնի աջակցման հիմնադրամ է ստեղծվել: Հանգանակած գումարներով թատրոնի դերասանների համար փորձելու են լուծել բնակարանի խնդիրը՝ դերասաններից շատերը վարձով են բնակվում:

«Թվով 7 մարդիկ՝ Գյումրու դրամատիկական թատրոնի աշխատողներ, այս պահին ապրում են վարձով, ցավոք սրտի, պիտի նշեմ՝ նրանց թվում նաև վաստակավոր և ժողովրդական արտիստներ: Ես վստահ եմ, որ մենք կկարողանանք, հիմա կարող ենք բարձրաձայնել, մինչև Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ը, արդեն իսկ մեկ բնակարանի հարց լուծել, որովհետև հիմնադրամի ֆինանսական աճը խոսում է այն մասին, որ մենք կկարողանանք` մեր մասնագիտական տոնը մեր որևէ արտիստ դիմավորի արդեն իր բնակարանում», - նշեց տնօրենը:

Թատրոնի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանն ասաց՝ ամեն ինչ անելու են, որ հաջորդ տարի վերականգնեն «Դուետ» միջազգային թատերական փառատոնը․ - «Հույս ունեմ, որ, մենք ամեն անգամ խոսում ենք այդ մասին, նաև կլինի մեր «Դուետ» փառատոնը, պիտի կյանքի կոչվի, որովհետև նա ասելիք ուներ, ու կկարողանանք նաև 2018 թվականին վերջապես նորից շարունակություն ունենալ մեր «Դուետ» փառատոնը»:

Աճեմյանցիներից շատերը ժամանակին արտագաղթեցին Միացյալ Նահանգներ: Հիմա թատրոնում մտածում են Լոս Անջելեսում բնակվող դերասանների հետ համատեղ ներկայացում բեմադրել ու հյուրախաղերով հանդես գալ:

«Մենք հիմա փորձում ենք մի համատեղ ծրագիր ստեղծենք, մի համատեղ ներկայացում անենք Գյումրիի թեմայով, որում ընդգրկված կլինեն Գյումրու դրամատիկական թատրոնի արտիստները և Լոս Անջելեսում ապրող Գյումրու դրամատիկական թատրոնի արդեն նախկին արտիստները, և դա մենք կարող ենք կոչել «Գյումրի-Գլենդել տրանզիտ»․ էն արտիստները, որոնք ապրում են Ամերիկայի Միացյալ Նահանգներում, իրենց կոլեգաների հետ ևս մեկ անգամ բարձրանան թե՛ էնտեղի բեմ, թե՛ Գյումրիում բեմ բարձրանան և մի համատեղ ներկայացումով իրար հետ հանդես գան: Սա կլինի նաև հիմնադրամի համար արվող մի նախաձեռնությունը, մենք էդ ծրագրի մասին ենք մտածում», - ասաց Տիգրան Վիրաբյանը՝ հավելելով, որ հիմա արդեն բանակցային մասն են անցկացնում նախագծի, այնտեղի արտիստների հետ արդեն խոսել են, կազմը գրեթե արդեն ուրվագծվում է:

Տնօրենը նաև Դրամատիկական թատրոնի արտաքին տեսքի ու Թատերական հրապարակի լուսավորման խնդրի մասին խոսեց: Արդեն նախագիծ կա թատրոնի արտաքին տեսքը փոխելու համար, մնում է լուծել ֆինանսավորման հարցը․ - «Մենք հիմա փորձում ենք արդեն 2018-ին ունենանք ժամանակակից արտաքին տեսք, նոր պատուհաններ, ժամանակակից շնչով, շատ հետաքրքիր: Հիմա արդեն նախագծա-նախահաշվարկային աշխատանքներն արված են, հիմա մենք արդեն փորձում ենք գտնել ներդրողներ, որոնք կկարողանան աջակցել մեզ, որպեսզի մենք կարողանանք էս խնդիրը լուծել»: «Ունենք խնդիր թատրոնի արտաքին լուսավորության հետ կապված», - շարունակեց Վիրաբյանը, - «Մենք պարտադիր մյուս տարի պիտի գտնենք միջոցներ, որպեսզի կարողանանք արտաքին լուսավորության հարց լուծել»:

Տնօրենը հայտնեց նաև, որ 2017 թվականին Գյումրիի դրամատիկական թատրոնում 50 հազար դոլարի չափով մասնավորի ներդրում է եղել:

Աճեմյանցիները խոստացան, որ հաջորդ տարի ևս հանդիսատեսին անակնկալներ են սպասում՝ ներկայացումների պակաս չի զգա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG