Մատչելիության հղումներ

Հայ-թուրքական արձանագրությունները «մեռած փաստաթղթեր են»


Շվեյցարիա - Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման արարողությունը, Ցյուրիխ, 10-ը հոկտեմբերի, 2009թ․
Շվեյցարիա - Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման արարողությունը, Ցյուրիխ, 10-ը հոկտեմբերի, 2009թ․

Հայ-թուրքական հարաբերությունները կապել ղարաբաղյան հակամարտության հետ՝ նույնքան տարօրինակ է, որքան այն կապելը թուրք-կիպրական, թուրք-ռուսական կամ թուրք-ամերիկյան հարաբերությունների հետ։ Հինգշաբթի երեկոյան Հանրապետականի գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հարցերին պատասխանելիս այդ մասին ասաց Հայաստանի իշխող կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։

Արձագանքելով Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությանը, թե մինչև չլուծվի Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը, Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները չեն կարգավորվի, Շարմազանովն անընդունելի համարեց այն՝ ոչ միայն Հայաստանի, այլև բոլոր կողմերի համար։

«Դա ընդամենը իրականության խեղաթյուրում է, և Թուրքիան փորձում է դրանով իսկ փորձել պատասխանատվությունը իր ուսերից հանել: Թուրքիայի քաղաքական ղեկավարությունը այս տարիների ընթացքում՝ 2009-ից մինչև այս կողմ, 17 թվականի վերջն ենք, իրականացրել է քաղաքականություն և իրականացնում է քաղաքականություն, որը չի բխում տարածաշրջանային անվտանգության, տարածաշրջանային խաղաղության շահերից», - շեշտեց Շարմազանովը՝ շարունակելով․ - «Եթե հիշում եք, պարոն Դավութօղլուն՝ ժամանակին արտաքին գործերի նախարարը, հայտարարել էր հետևյալ հայեցակարգը՝ «զրո պրոբլեմ հարևանների հետ», այսօր Թուրքիան ոչ թե զրո պրոբլեմ ունի հարևանների հետ, այլ գրեթե զրոյի է հասցրել հարևանների թիվը, ում հետ պրոբլեմ չունի»:

Թուրքիայի արտգործնախարարը երեք օր առաջ հայտարարել էր նաև, թե պաշտոնական Անկարան ցյուրիխյան արձանագրությունները ստորագրել է պայմանով, որ Հայաստանը պետք է լքի «օկուպացված տարածքները»:

Հայ-թուրքական արձանագրություններն առանց նախապայմանների արձանագրություններ են, պնդեց Շարմազանովը՝ ընդգծելով․ - «Եվ այն, ինչ որ ասում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը, որևէ բառ էդ ասածից և որևէ նույնիսկ կետադրական նշան ներառված չի եղել այդ պրոտոկոլներում»:

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի կարծիքով՝ դժվար է հավատալ, որ առաջիկայում որևէ փոփոխություն կլինի այս հարցում, եթե քաղաքականության կտրուկ փոփոխություն չլինի: Թուրքագետը հիշեցնում է՝ 1993 թվականից փոխվել է միայն Թուրքիայի իշխանությունների նախապայմանների հաջորդականությունը․ ըստ այդմ՝ երբեմն առաջնահերթություն է դառնում Հայոց ցեղասպանության թեման, երբեմն էլ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության:

«Թուրքական քաղաքականությունը այդ հարցում մնացել է կայուն, և կարող եմ ասել, որ նրանք հետևողական այս քայլերով ստեղծել ու ավելի ամրապնդել են փակուղային վիճակը: Ինչ վերաբերում է հեռանկարին, ապա կարծում եմ, որ եթե չլինի առնվազն երկու հանգամանք՝ քաղաքական կամք՝ փոխել այս նախապայմանները, և տարածաշրջանային արտառոց մի վիճակ, ապա չեմ կարծում, որ այս սկզբնակետով հնարավոր կլինի հայ-թուրքական հարաբերությունները կարգավորել միջպետական մակարդակով», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Մելքոնյանը:

Ինչ վերաբերում է արձանագրությունների հեռանկարին, ապա, ըստ թուրքագետի, հնարավոր չէ, որ դրանք դառնան կողմերի միջև ռեալ դիվանագիտական կամ քաղաքական հարաբերություններ հաստատելու հիմք: Լավագույն դեպքում՝ պատմության էջերում դրանք որպես դրական կամ բացասական փորձ կհիշվեն:

«Չեմ կարծում, որ այս արձանագրությունները հետագայում կդառնան կենսունակ, բայց սա միգուցե կարող ենք համարել հայ-թուրքական դիվանագիտական շփման մի փորձ, երբ կողմերը ծանոթացան միմյանց նաև գործելաոճին: Նաև սա երկու կողմի համար էլ հասարակական որոշակի քննության բաղադրիչ էր իր մեջ պարունակում, քանի որ արձանագրություններում առկա կետերը կամ դրանցից առնվազն երեքը և՛ հայկական, և՛ թուրքական հասարակություններում ընդունվեցին ոչ միանշանակ: Եվ կարծում եմ, որ արձանագրությունները արդեն, ինչպես ասում են, արել են իրենց գործը, և արձանագրությունները կարող են հեռանալ», - ասաց Ռուբեն Մելքոնյանը:

Արձանագրությունները մեռած փաստաթղթեր են, կարծում է մեկ այլ թուրքագետ՝ Ռուբեն
Սաֆրաստյանը: Երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման առաջընթացի հնարավորություն և հավանականություն, համենայն դեպս՝ այս պահին, չկա, նշում է նա:

«Պարզ է, որ թուրքական կողմը ցանկություն չունի որևիցե քայլ ձեռնարկելու՝ հարաբերությունները միջպետական մակարդակով Հայաստանի հետ կարգավորելու: Նախապայմանների քաղաքականությունը Թուրքիայի կողմից շարունակվում է, իսկ դա նշանակում է, որ արձանագրությունները մեռած փաստաթուղթ են», - «Ազատության» հետ զրույցում նշեց Ռուբեն Սաֆրաստյանը:

Հիշեցնենք, Հայաստանի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ 2009 թվականի հոկտեմբերի 10-ին ստորագրված ցյուրիխյան արձանագրությունների կենսագործման ուղղությամբ շարունակաբար որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը 2018-ի գարնանը դրանք կհայտարարի առ ոչինչ: Պաշտոնական Երևանը պնդում է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումն արտահայտված էր առանց նախապայմանների կարգավորման հայտնի մոտեցմամբ, սակայն արձանագրությունների ստորագրումից անմիջապես հետո Անկարան հետ կանգնեց պայմանավորվածություններից և վերադարձավ նախապայմանների լեզվին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG