Մատչելիության հղումներ

Հայաստանի իշխանությունները դեռ չեն մեկնաբանում Թաթուլյանի ընդգրկումը ԱՄՆ պատժամիջոցների ցուցակում


Ռուբեն Թաթուլյան, արխիվ

Վարչապետ Կարեն Կարապետյանին տարեսկզբին աջակցություն հայտնած և Հայաստանի դիվանագիտական անձնագիր ունեցող Ռուբեն Թաթուլյանի վերաբերյալ ԱՄՆ ֆինանսների նախարարության աղմկահարույց հրապարակումից մեկ օր անց էլ Հայաստանի իշխանությունները շարունակում են լռել։

Հիշեցնենք, Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարության Օտարերկրյա ակտիվների վերահսկման գրասենյակը պատժամիջոցներ է կիրառել ռուսաստանցի տասը «օրենքով գողերի» նկատմամբ, որոնց ցանկում հայտնվել է նաև սոչիաբնակ հայ գործարար Ռուբեն Թաթուլյանը։ Գրասենյակի հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է․ - «Թաթուլյանը «օրենքով գողերին» ֆինանսական աջակցություն է տրամադրում և 2010-ին նշանակվել է Սոչիի «նայող»։ Նա և Զախարի Կալաշովը ձերբակալվել էին 2015 թվականին, Սոչիում` քրեական հեղինակությունների հավաքի ժամանակ»:

«Ռոբսոն» մականունով հայտնի Թաթուլյանը մեկն է ռուսաստանաբնակ երեք տասնյակ հայազգի այն գործարարներից, որոնք տարեսկզբին հայտարարեցին վարչապետ Կարեն Կարապետյանին աջակցելու մասին՝ Հայաստանում «խորը բարեփոխումներ անցկացնելու գործում»:

Վարչապետի մամուլի քարտուղար Արամ Արարատյանը այսօր ողջ օրվա ընթացքում «Ազատության» զանգերին չպատասխանեց, իսկ արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանն էլ նշեց՝ պատրաստ չէ մեկնաբանել Ռուբեն Թաթուլյանի մասին ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից հրապարակված տվյալները, և խնդրեց գրավոր հարցում ուղարկել։

Իշխող կուսակցության փոխնախագահ Կարեն Կարապետյանի հիմնած «Ներդրողների ակումբի» անդամ Ռուբեն Թաթուլյանի վերաբերյալ այս լուրերը «Ազատության» հետ զրույցում չմեկնաբանեց նաև Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։ Ավելին, նա նշեց՝ Թաթուլյանին չի ճանաչում։

«Չեմ տիրապետում այդ ինֆորմացիային՝ ով է կապված գողերի հետ, ով է կապված գործարարների հետ, անկեղծ՝ չեմ տիրապետում այդ ինֆորմացիային: Կուսումնասիրեմ՝ դրա մասին կխոսենք», - ասաց Բաղդասարյանը:

«Ազատության» հարցին՝ ճանաչո՞ւմ է արդյոք Թաթուլյանին, իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարն արձագանքեց․ - «Բացարձակապես: Ոչ միայն չեմ ճանաչում, այլ նաև ընդհանրապես որևէ առիթ չեմ ունեցել ոչ լսելու նրա անունը, ոչ էլ շփվելու: Ես չճանաչած մարդկանց մասին չեմ ցանկանում մեկնաբանություններ տալ, մինչև չճանաչեմ, ես անձամբ չստուգեմ նրա ով լինելը, չեմ կարող որևէ մեկնաբանություն տալ»:

Հարցին էլ՝ սա չի՞ անդրադառնա Հայաստանի վարկանիշի վրա, Բաղդասարյանը պատասխանեց․ - «Նախ պետք է ուսումնասիրել դրա իսկությունը, դրա հիմքերը, նոր պետք է անդրադարձ կատարել այդ հարցին»:

Այս տարվա մայիսին, հիշեցնենք, Հայաստանի արտգործնախարարությունից «Ազատությանը» հայտնել էին, որ դիվանագիտական անձնագիրը Թաթուլյանին տրվել է «օրենքով սահմանված կարգով», սակայն չէին հստակեցրել, թե երբ ու ինչ վաստակի համար։ Դեռ տարեսկզբին ռուսաստանյան լրատվամիջոցները Ռուբեն Թաթուլյանի անունը կրկին կապել էին քրեական աշխարհի հետ, գրելով, որ նա ձերբակալվել է Չեխիայում՝ «օրենքով գողերի» հավաքի ժամանակ։ Ավելի ուշ Չեխիայի ոստիկանությունից «Ազատությանը» հայտնել էին, որ Թաթուլյանի փաստաթղթերը ստուգման են ենթարկվել, բայց խախտում չկատարելու համար նրա նկատմամբ որևէ գործողություն չի կիրառվել։

Ռուբեն Թաթուլյանի ձերբակալության մասին այդ հոդվածը տեղ էր գտել նաև «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության կայքէջում, որին սեպտեմբերին դիմել էր Ռուսաստանում լրատվամիջոցների ոլորտը վերահսկող ծառայությունը՝ "Роскомнадзор"-ը, պահանջելով կայքից հեռացնել այն։ Կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց՝ այս ամենի հիմնական մտահոգությունն այն է, որ Թաթուլյանն ունի Հայաստանի դիվանագիտական անձնագիր, մինչդեռ արդեն ոչ միայն մամուլում, այլև պաշտոնական աղբյուրներում հաստատվում է նրա կապը քրեական աշխարհի հետ։

«Այստեղ խնդիրը ոչ թե այն է, որ հայազգի ինչ-որ մեկը հայտնվել է, ըստ Ամերիկայի Միացյալ Նահանգների վարչակարգի, «օրենքով գողերի» ցուցակում, այլ որ ինքը օգտվում է Հայաստանի կառավարության աջակցությունից, ինքը օգտվում է Հայաստանի շնորհած դիվանագիտական անձեռնմխելիությունից և ինքը, փաստորեն, լավ հարաբերություններ ունի նաև վարչապետի հետ: Ա՛յ սա է որ մտահոգիչ է», - ընդգծեց Իոաննիսյանը՝ շարունակելով․ - «Սա իհարկե կարող է ազդել Հայաստանի վարկանիշի վրա և սա բավականին խոսուն է այն մասով, թե ում հետ են լավ հարաբերություններ պահում Հայաստանի իշխանությունները»:

Միացյալ Նահանգների պատժամիջոցների ցանկում հայտնվել են նաև Թաթուլյանին պատկանող «Վեսնա» հյուրանոցն ու Մոսկվայում գրանցված «Նովիյ Վեկ Մեդիա» ընկերությունը։ Հաղորդագրությունում նշվում է, որ պատժամիջոցների ցուցակում ընդգրկված նոր անունները «Օրենքով գողերի եվրասիական քրեական կազմակերպության» անդամներ են։ ԱՄՆ տարածքում այդ խմբավորումներին պատկանող ակտիվներն ու սեփականությունը հայտնաբերվելու դեպքում սառեցվելու են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG