Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան․ «Կարծում եմ տնտեսական աճ 6 տոկոսից ավելին ենք ունենալու»


Լուսանկարը՝ նախագահականի

«Գաղտնիք չէ, որ ձեր հաջողությունները նշանակում են տնտեսական աճ, նշանակում են նոր աշխատատեղեր, նշանակում է բարեկեցություն», - հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը՝ այսօր ելույթ ունենալով Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների համար Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ նախագահականում կազմակերպված ընդունելության ժամանակ:

«Մաղթում եմ, որ 2018 թվականին շարունակեք այն ձեռքբերումները, որ ունեցել ենք 2017 թվականին, ոչ միայն շարունակեք ձեր գործը, ոչ միայն ընդլայնեք, այլ նաև դառնաք նոր գաղափարների, նոր նախաձեռնությունների հեղինակներ: Դրա համար, կարծում եմ, երկու անհրաժեշտ պայման կա. առաջինը՝ ձեր կողմից ցանկություն, աշխատասիրություն, մտածելու երկար ժամանակ և երկրորդ՝ փոխվստահություն և համագործակցություն կառավարության հետ», - ասել է նախագահը:

Նա կարծիք է հայտնել, որ 2017 թվականը կարելի է բնութագրել որպես կառավարության տնտեսական ոլորտի մարմինների և գործարարների համագործակցության տարի: «Այս առումով, բոլորդ էլ պետք է որ ինչ-որ չափով գոհ լինեք, որովհետև երբ հունվարի 1-ից նոր ՀՀ Հարկային և ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքերը մտնեն ուժի մեջ, ապա բոլորդ տեսնելու եք և, հավանաբար արդեն համոզվել եք, որ ձեր գրեթե բոլոր առաջարկությունները, որոնք հնչել են ինչպես պաշտոնական, այնպես էլ ոչ ֆորմալ հանդիպումների ժամանակ, այնտեղ հաշվի են առնվել: Ես վստահ եմ, որ մենք 2018 թվականին ունենալու ենք շատ ավելի լավ արդյունքներ, քան 2017-ին, որովհետև 2017-ին արդեն բավականաչափ նախադրյալներ են ստեղծվել, որպեսզի տարին փակենք բավարար տնտեսական աճով: Կանխատեսումներ չանեմ, բայց կարծում եմ տնտեսական աճ 6 տոկոսից ավելին ենք ունենալու», - ասել է Սերժ Սարգսյանը և շարունակել․ - «Փառք Աստծո, տնտեսական ակտիվության գործակիցը բավականաչափ մեծ է. արդեն 11 ամիսների ընթացքում մենք ունեցել ենք աննախադեպ՝ 2 միլիարդ ԱՄՆ դոլարին համարժեք արտահանման ցուցանիշ, որը մեր ՀՆԱ-ի 20 տոկոսն է: Մենք երբեք այդպիսի ցուցանիշ չենք ունեցել: Մեր առևտրաշրջանառությունն արդեն 11 ամիսների ընթացքում գերազանցել է 6 միլիարդ դոլարի շեմը՝ արտաքին առևտրաշրջանառության մասին է խոսքը, բայց որ չափազանց կարևոր է՝ նաև կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունեցել, որովհետև 2012-2013 թվականներին մենք ունեցել ենք գրեթե 6 միլիարդանոց արտաքին առևտրաշրջանառություն, որտեղ, օրինակ, պատրաստի սննդի արտահանումը այդ ցուցանիշում եղել է 12-13 տոկոս, իսկ հիմա գրեթե հասնում է մեկ քառորդի: Սա շատ լավ և կարևոր ցուցանիշ է: Ակնհայտ է, որ այսպիսի ցուցանիշները դրական են ազդում ֆինանսական, մակրոտնտեսական կայունության վրա»:

«Տեսնում եք, որ առաջին անգամն է տևական ժամանակահատվածում, երբ դեկտեմբեր ամսին մեր հարազատ հայկական դրամը որևէ ճնշումներ չի զգում, ընդհակառակը՝ փորձում է բարելավել իր դիրքերը: Այս ամբողջը փոխկապակցված է, և կարծում եմ, որ այս փոխկապակցվածության մեջ հիմնական դերակատարությունը ձերն է, այնպես որ՝ բոլորիդ առաջարկում եմ նույն տեմպով կամ ավելի, շարունակեք աշխատանքը՝ հատկապես հաշվի առնելով, որ 2018 թվականի գարնանը մեր նոր Սահմանադրությունը ամբողջապես մտնելու է ուժի մեջ», - նշել է նախագահը՝ հավելելով․ - «Բայց ես ակնկալում եմ ձեզնից, որպես մեր հասարակության կարևոր մաս, որ դուք էլ շատ պարագաներում բարեփոխեք ձեր աշխատանքը: Առաջարկում եմ, որպեսզի 2018 թվականին բոլորս միասին հասնենք նրան, որ ոչ պաշտոնական՝ չփաստաթղթավորված, շրջանառությունը հասցնենք նվազագույնի: Մենք վարչապետի, կառավարության հետ նախնական պայմանավորվել ենք, որ պիտի այնպես անենք, որպեսզի 2018 թվականին ամբողջովին կարգավորենք փաստաթղթաշրջանառությունը: Սա օգտակար է բոլորիս՝ և՛ ձեզ, և՛ պետության, մեր բանակի ու մեր մանկավարժների, բոլորի համար»:

«Բոլորիդ կոչ եմ անում առանց սպասելու, առանց որևէ մեկի դրդման ինքներդ անցնեք այդ ճանապարհը: Մենք էլ մեր կողմից կանենք հնարավորը, որպեսզի համագործակցությունը լինի իրական, այլ ոչ թե՝ որպես ստուգող, կամ, չգիտեմ, պատժող մարմնի և բիզնեսով զբաղվող մարդու միջև», - Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG