Մատչելիության հղումներ

Նալբանդյանը Փարիզում հանդիպել է ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ


ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան, արխիվ
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան, արխիվ

Փարիզում այցելությամբ գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ հանդիպում է ունեցել ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդագրության համաձայն՝ Նալբանդյանը ներկայացրել է Ֆրանսիա իր այցելության նպատակները և օրակարգը, հայ-ֆրանսիական հարաբերությունների հետագա ամրապնդման ու զարգացման նպատակով ձեռնարկվող քայլերը։

Նախարարը հանգամանալից անդրադարձ է կատարել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերին, հիմնահարցի կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին։

Էդվարդ Նալբանդյանը Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչներին տեղեկացրել է Հայաստանի և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախատեսված համագործակցության հեռանկարների մասին։

ՀՀ ԱԳՆ ղեկավարը հանդիպման մասնակիցներին ծանոթացրել է միջազգային ու տարածաշրջանային հրատապ խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումներին, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին։

Նալբանդյանն անդրադարձել է այս ամսվա սկզբին Վիեննայում կայացած ԵԱՀԿ նախարարական խորհրդի արդյունքներին, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի նախագահությանը։

Ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը առանձնահատուկ տեղ է հատկացվել Երևանում հաջորդ տարի կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG