Մատչելիության հղումներ

Տիգրան Բալայան․ Թուրքիայի ԱԳ նախարարը ստում է


ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայան, արխիվ

«Թուրքիայի արտգործնախարարը պարզապես ստում է», - հայտարարել է Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ «Արմենպրես» լրատվական գործակալության խնդրանքով մեկնաբանելով Մևլութ Չավուշօղլուի հայտարարությունը, թե իբր հայ-թուրքական արձանագրությունները ստորագրվել են որոշակի նախապայմաններով։

«Եթե նույն տրամաբանությամբ շարժվենք, ապա կարող ենք հայտարարել, թե արձանագրությունների բանակցման ընթացքում Թուրքիան խոստացել է, որ ճանաչելու է Արցախի անկախությունը», - Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ ասել է Բալայանը:

«Կրկին հիշեցնենք, որ բանակցությունները 2008 թվականին մեկնարկեցին թուրքական կողմի հետ հենց այն փոխադարձ համաձայնությամբ, որ այդ գործընթացը չի կարող ունենալ որևիցե նախապայման։ Այս համաձայնության հիման վրա ընթացան բանակցությունները և ստորագրվեցին ցյուրիխյան արձանագրությունները։ Նախապայմանների բացակայության մասին բազմիցս են հայտարարել գործընթացին լավատեղյակ տարբեր մայրաքաղաքներից», - ընդգծել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը:

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն երեկ Բաքվում մասնավորապես հայտարարել է․ - «Անկարան Երևանի հետ ցյուրիխյան արձանագրությունները ստորագրել է որոշակի պայմաններով. Հայաստանը պետք է լքի օկուպացված տարածքները, ինչից հետո մենք կարգավորում ենք մեր կապերը՝ սա էր հիմնական պայմանը»:

Հիշեցնենք, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեք ամիս առաջ ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարեց, որ 2009 թվականի հոկտեմբերի 10-ին ստորագրված ցյուրիխյան արձանագրությունների կենսագործման ուղղությամբ շարունակաբար որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում պաշտոնական Երևանը եկող տարվա գարնանը դրանք կհայտարարի առ ոչինչ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG