Մատչելիության հղումներ

Կրեմլը պաշտպանում է Կադիրովին և «համարժեք պատասխան» խոստանում ամերիկացիներին


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին և Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրով, արխիվ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին և Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրով, արխիվ

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտնվել է Միացյալ Նահանգների «Մագնիտսկու ցուցակում»: Կրեմլը պաշտպանում է Կադիրովին և հայտարարում, որ համարժեք պատասխան է տալու ամերիկացիներին:

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը այսօր անօրինական է որակել ռուսաստանցիների դեմ նոր պատժամիջոցները: «Ռուսական կողմը համարժեք պատասխան կտա», - ասել է Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղարը: Իսկ ահա հարցին, թե ո՞վ է Կադիրովին համարժեք պաշտոնյա Միացյալ Նահանգներում, Պեսկովը դժվարացել է պատասխանել՝ ասելով, թե Կադիրովի պես մարդիկ ԱՄՆ-ում քիչ են:

«Ես կարող եմ միայն հպարտանալ, որ ցանկալի մարդ չեմ ամերիկյան հատուկ ծառայությունների համար», - իր հերթին, գրել է Չեչնիայի ղեկավարը՝ մեկնաբանելով ԱՄՆ ֆինանսների նախարարության «Մագնիտսկու ցուցակում» հայտնվելու մասին տեղեկությունը: Կադիրովը սոցիալական ցանցերից մեկի իր էջում գրել է նաև, թե չէր էլ պատրաստվում մեկնել Միացյալ Նահանգներ կամ հաշիվներ բացել Bank of America-ում:

ԱՄՆ ֆինանսների նախարարության տվյալներով՝ Կադիրովը պատասխանատու է Չեչնիայում մարդու իրավունքների կոշտ ոտնահարումների համար: Բացի Կադիրովից, «Մագնիտսկու ցուցակում» են հայտնվել նաև չեչենական Արգուն քաղաքի ոստիկանության ղեկավար Այուբ Կադաևը, ում ամերիկացի պաշտոնյաները մեղադրում են միասեռականների իրավունքները ոտնահարելու, նրանց հետապնդելու մեջ, երեք ռուսաստանցիներ, ովքեր կապ ունեն հենց Մագնիտսկու գործի հետ՝ Անդրեյ Պավլովը, Ալեքսեյ Շեշենիան և Յուլյա Մայորովան, Ռուսաստանի գլխավոր դատախազ Յուրի Չայկայի որդին՝ գործարար Արտյոմ Չայկան, Ուզբեկստանի նախկին նախագահ Իսլամ Քարիմովի դուստր Գյուլնարա Քարիմովան և Կիևի «Բերկուտ» խմբի նախկին ղեկավար Սերգեյ Կուսյուկը:

Նորացված «Մագնիտսկու ցուցակում» են հայտնվել 15 նոր ֆիզիկական անձ և 37 կազմակերպություն:

Ուկրաինան պահանջում է Ռուսաստանից հանձնել Կուսյուկին, որին մեղադրում է 2014 թվականին Մայդանի ակտիվիստների դեմ կրակ բացելու մեջ: Մոսկվան հրաժարվում է:

Ինչ վերաբերում է Քարիմովային՝ 2015 թվականին Ուզբեկստանում նրան դատապարտել էին 5 տարվա ազատազրկման մեքենայությունների համար:

Հիշեցնենք՝ «Մագնիտսկու ցուցակը» Միացյալ Նահանգներում ընդունվել է 2012-ի դեկտեմբերին։ Այն թույլ է տալիս պատժամիջոցներ սահմանել այն անձանց նկատմամբ, ովքեր, ըստ Վաշինգտոնի, որևէ կերպ առնչվում են ռուսաստանյան բանտում 2009-ի նոյեմբերին իրավաբան Սերգեյ Մագնիտսկու մահվան հետ։ Այդ օրենքի 404-րդ կետը պահանջում է ամերիկյան վարչակազմից ջրի երես հանել այն անձանց, ովքեր պատասխանատու են իրավաբանի նկատմամբ կիրառված բռնության ու նրա մահվան համար, ինչպես նաև ներառել ցուցակում Մագնիտսկու գործի հետ կապ չունեցող արտադատարանային հաշվեհարդարների և մարդու իրավունքների կոպիտ խախտումների համար մեղավոր այլ անձանց։ Ցուցակն ամեն տարի համալրվում է նոր անուններով։

Բացի Միացյալ Նահանգներից, «Մագնիտսկու ցուցակն» ընդունել են Մեծ Բրիտանիայում, Կանադայում և Լիտվայում:

Ռամզան Կադիրովը ամենաբարձրաստիճան պաշտոնյան է ամերիկյան ցուցակում:

Նշենք, որ այս ցուցակում ընդգրկվածների նկատմամբ պաշտոնական Վաշինգտոնը կիրառում է տնտեսական պատժամիջոցներ և արգելում է նրանց մուտքը Միացյալ Նահանգներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG