Մատչելիության հղումներ

Ավետիսյանը հաստատում է, որ ՀՀ-ՌԴ կառավարությունները քննարկել են Հայաստանում նոր ազգային ավիափոխադրող ստեղծելու հարցը


«Եղել է նախնական քննարկում, որից հետո որևէ առարկայական քայլ չի արվել», - հավելեց Ավետիսյանը։

Հայաստանի կառավարությանն առընթեր Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն այսօր «Ազատության» հետ զրույցում հաստատեց, որ Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունները քննարկել են Հայաստանում նոր ազգային ավիափոխադրող ստեղծելու հարցը։

«Եղել է նախնական քննարկում, որից հետո որևէ առարկայական քայլ չի արվել», - ասաց Ավետիսյանը։

Այս տարվա հոկտեմբերին Հայաստան այցելած Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը հայտարարել էր, որ արդեն մեկ տարի է քննարկումներ են անցկացնում հայկական կողմի հետ: Նա նաև հավելել էր, որ նոր ավիաընկերությունը շահագործվելու է բացառապես ռուսական արտադրության, մասնավորապես`«Սուխոյ սուպերջեթ» ինքնաթիռներով։

Հայաստանի քաղավիացիայի վարչության պետն այսօր հաստատեց, որ ռուսաստանյան արտադրության ինքնաթիռների հարցը քննարկվել է, բայցև հավելեց, որ ամեն ինչ նախնական է․ - «Որևէ քայլ առարկայական տվյալ հարցի ուղղությամբ դեռ արված չէ: Մենք աշխատանքային շատ նախնական քննարկումների փուլ ենք մի թեթև ունեցել և վերջ»։

Հայկական ազգային նոր ավիափոխադրող ստեղծելու շուրջ քննարկումների մասին առաջինը հենց ռուսական կողմը հայտարարեց։ Սերգեյ Ավետիսյանն ասաց, որ այս պահին քննարկումներ չկան, իսկ կլինե՞ն ապագայում, թե՞ ոչ, չի կարող ասել։

Քաղավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ իր կարծիքով, «Սուխոյ սուպերջեթ» ինքնաթիռներով Հայաստանում ազգային ավիափոխադրող ստեղծելը ռուսական կողմն է պարտադրել: Այլ տրամաբանական բացատրություն նա չի տեսնում, քանի որ այս ինքնաթիռները վտանգավոր են, և անգամ ռուսական ավիաընկերություններն են հրաժարվել դրանցից։

«Միջազգային սերտիֆիկացիան դեռ չեն էլ ստացել էդ «Սուպերջեթերը»: Ովքեր որ գնել էին, տարբեր երկրներ, ինչքան գիտեմ Ինդոնեզիան, Հնդկաստանը․․․ հետ են տվել բոլորն էլ էդ օդանավերը: Հետո գիտենք, որ երկու անգամ միջադեպ է եղել, վարի ա գնացել էդ օդանավը․․․ մինչև հիմա չեն կարողանում կարգի բերել», - հավելեց Պետրոսյանը:

2011-ից մինչև հիմա լրատվամիջոցները, այդ թվում նաև` ռուսաստանյան, հաղորդում են «Սուխոյ սուպերջեթ»-երի տեխնիկական խնդիրների մասին: Մոտ մեկ տարի առաջ «Ռոսավիացիա»-ն հանձնարարել էր ստուգել այդ օդանավերի ստաբիլիզատորները։ Անցած տարեվերջին «Աերոֆլոտ»-ը մի քանի չվերթ չեղարկեց օդանավերի խնդիրների պատճառով։ Այս տարվա հունվարին էլ «Յակուտիա» ավիաընկերությունն իր չորս Superjet-ից երկուսի մոտ խնդիրներ հայտնաբերեց։

Քաղավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանի խոսքով, արևմտյան պատժամիջոցները նաև ռուսաստանյան ավիացիոն ոլորտի վրա են տարածվում, և դրանց պատճառով ռուսական կողմը կոմպլեկտավորման ագրեգատներ չի ստանալու: Մասնագետի խոսքով դրանք ռուսները ինքնուրույն չեն կարողանա ստեղծել․ - «Մենք տեսանք, թե հրթիռային պատմությունները Ռուսաստանի, հիմա նույն բանը կլինի օդանավերի հետ կապված: Դրա համար ես ասում եմ՝ շատ վտանգավոր ա դա»:

Պետրոսյանի խոսքով՝ ակնհայտ է, որ մեզ ազգային ավիափոխադրող է պետք, բայց այն պետք է ստեղծել «Բոինգ» կամ «Էյրբաս» ինքնաթիռներով։

Տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը վերջերս Մոսկվայից Ռիգա ուղևորվելիս օգտվել է «Սուխոյ սուպերջեթ»-ից։ Հիմա ուղևորությունը ծիծաղով է հիշում՝ մոտ մեկ ժամ ինքնաթիռում նստած սպասել են, քանի որ տեխնիկական խնդիր կար: Երբ այն կարգավորվել է և հասել են Ռիգա՝ պարզվել է, որ ուղեբեռը չեն կարող ստանալ․ - «Բոլորի մոտ ուղեբեռը չկար: Պարզվեց, խնդիրը զավեշտից էլ ավելին է․ ուղեբեռը ինքնաթիռի մեջ է, ուղղակի չեն կարողանում բացել ուղեբեռի պահեստի դուռը: Ինքնաթիռը հետ մեկնեց Մոսկվա, որպեսզի կարողանան բացել: Նորից երեկոյան վերադարձավ և ուղեբեռները վերադարձրեցին»:

Քաղաքացիական օդանավերի «Սուխոյ սուպերջեթ» ընկերությունը մինչդեռ հայտարարում է, որ առաջացող խնդիրները մեծ չեն և առաջանալու դեպքում մի քանի օրում վերացվում են։ Ընկերության ներկայացուցիչը այս տարեսկզբին հայտնել էր, որ վերանորոգվում է այդ օդանավերի ամբողջ պարկի 20 տոկոսը, 80 տոկոսը շահագործման մեջ է: Մինչդեռ ռուսաստանյան մամուլը գրում է, որ «Սուխոյ սուպերջեթ»-երի հինգից մեկն անսարք է:

Ռուսաստանցի պաշտոնյան հոկտեմբերին հայտարարել էր, որ կարող են տասը «Սուխոյ սուպերջեթ» հատկացնել հայ-ռուսական ավիաընկերությանը։ Նրա խոսքով՝ հավանական է, այդ օդանավերը Հայաստանին տրամադրվեն 2018-ի վերջին կամ 2019-ի սկզբին։

XS
SM
MD
LG