Նյու Յորքում Բրուքլինի շրջանային դատարանը երեկ 15 տարվա ազատազրկման է դատապարտել Ղազախստանի քաղաքացի Ախրոր Սաիդահմետովին:
22-ամյա ղազախստանցին մեղադրվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական շարժմանը նյութապես սատարելու համար:
Դատարանը հայտնել է, որ պատիժը կրելուց հետո Սաիդահմետովը կարտաքսվի Ամերիկայի Միացյալ Նահանգներից:
Սաիդահմետովն ու ևս 5 ամբաստանյալներ ձերբակալվել են 2015 թվականի փետրվարին Նյու Յորքի Ջոն Քենեդիի օդակայանում, որտեղից մտադիր էին մեկնել Ստամբուլ:
Ըստ քննիչների, Սաիդահմետովի նպատակն էր ԱՄՆ-ից տեղափոխվել Թուրքիա և այնտեղից հասնել Սիրիա ու միանալ «Իսլամական պետության» զինյալներին:
Նրա հետ միասին Սիրիա տեղափոխվելու մտադրություն ունեցող Ուզբեկստանի քաղաքացի Աբդուրասիլ Ջուրաբոևն այս տարվա հոկտեմբերին իրեն մեղավոր է ճանաչել և նույնպես դատապարտվել է 15 տարվա ազատազրկման:
Սաիդահմետովի փաստաբան Ադամ Պերլմուտերն ասել է, որ իր «պաշտպանյալը հիասթափված է դատարանի վճռից»:
Այդ մեղադրանքով ձերբակալված ևս մի քանի ամբաստանյալների վերաբերյալ դատական վճիռներ դեռ չեն ընդունվել: