Լոռու մարզի Թումանյան համայնքի մաս կազմող Լորուտում ոսկի որոնելու հերթական ծրագրի շուրջ այսօր անցկացված հանրային քննարկման ժամանակ բնակիչներն ընդդիմացան և մասնակիցների ցուցակում իրենց անունների դիմաց միահամուռ «Ոչ» գրեցին։
«Վիկտորիա սիլվեր» ընկերությունը Լորուտի և Մարցի 400 հեկտար անտառներում ու արոտավայրերում մետաղական հանքանյութ գտնելու նպատակով դեռ 2014-ին էր դիմել Բնապահպանության նախարարություն, թույլտվություն ստացել, որոշ ուսումնասիրություններ արել։
Հուսադրող արդյունքներն կրկին ընկերության սեփականատեր Արմեն Գևորգյանին և տնօրեն, երկրաբան Գագիկ Խոջանյանին այսօր կրկին գյուղ էին բերել՝ ասելու, որ նախատեսել են 400 հազար դոլար ծախսելու գյուղի ընդերքն ուսումնասիրելու և հանքանյութի պաշարներ հայտնաբերելու համար։
Բնակիչները բազմաթիվ հարցեր բարձրացրին: Նրանց հետաքրքրող հարցեր էր, օրինակ, թե կոնկրետ երբ և քանի աշխատատեղ է բացվելու այդ համայնքների բնակիչների համար:
Սակայն իրենց որևէ հարցին նրանք հստակ պատասխան չստացան: Ասենք, թե հանքանյութի լավ պաշարներ գտնելու դեպքում փա՞կ, թե՞ բաց հանք է գործելու, որո՞նք են լինելու հանքի օգուտներն ու վնասները, որքա՞ն մարդ է աշխատելու կամ ի՞նչ տնտեսական հաշվարկներ են արված։
«Դրանք կախված են պաշարներից», - ասաց ընկերության սեփականատեր Արմեն Գևորգյանը՝ շարունակելով․ - «Այստեղ որ հավաքվել ենք, իմաստն էն է, որ ես ձեզանից խնդրում եմ, ասում եմ՝ թույլ տվեք իմ գումարը ծախսեմ ստեղ, տենամ, եթե մեջը բան կա, գանք, ստեղ նստենք, իրար երես, գցենք-բռնենք»:
Նշենք, որ «Հետք» էլեկտրոնային պարբերականի տվյալներով, 2014 թվականին «Վիկտորիա սիլվեր» ընկերության բաժնետերերը երեքն էին․ Արմեն Գևորգյանի հետ նաև Հանրապետության նախագահի թիկնազորի պետ Վաչե Ղազարյանի կինն ու Բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի օրոք նախարարությունում պաշտոն ունեցած Երվանդ Հովհաննիսյանը։ Սակայն նրանցից երկուսը ավելի ուշ դուրս են եկել բաժնետերերի ցանկից։
Արմեն Գևորգյանն «Ազատության» հարցին ի պատասխան նախ ասաց, թե չի ճանաչում իր ընկերության նախկին բաժնետերերին, հետո սակայն, նշեց. - «Ինչի մասին եք խոսում․․․ Կա մի գործ, մենք երկուսով ենք էդ գործի մեջ: Դու չես ուզում մտնես էդ ռիսկի տակ, գումար ծախսեց, ես ուզում եմ: Պարզ ա, դու քո բաժնետոմսը ինքնըստինքյան հանձնում ես ինձ, ասում ես՝ էս գործից ես հրաժարվում եմ»:
Արմեն Գևորգյանը նաև կապ ունի այն կազմակերպության հետ, որը 2015 թվականին մարզահամերգային համալիրը գնել էր 30 միլիոն դոլարով, սակայն գործարքը հետագայում չեղյալ հայտարարվեց։
Լորուտի բնակիչներն այսօր ի վերջո կասկած հայտնեցին, որ ուսումնասիրությունների թույլտվություն ստանալուց հետո ոչ ոք իրենց կարծիքը հաշվի չի կառնի հանքը շահագործելու համար։ Ուստի քննարկումից հետո ճիշտ համարեցին «ոչ» ասել նաև ուսումնասիրման աշխատանքներին։
«Չկա հստակ նախագիծ: Աշխատանքային պլան, մեր լավ ու վատ կողմերը չներկայացվեց, դրա համար մարդիկ դեմ են», - ասաց նրանցից մեկը: