Մատչելիության հղումներ

«Սասնա ծռերի» 10 անդամները լքեցին դատարանի դահլիճը


Ոստիկանության պարեկապահակետային գնդի (ՊՊԾ) գնդի տարածքը գրավելու մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» զինված խմբի 10 անդամներն այսօր լքեցին նիստերի դահլիճը այն բանից հետո, երբ դատավորը հրաժարվեց նիստերի դահլիճ բերել մեկ այլ գործով մեղադրյալ, Հիմնադիր խորհրդարանի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին:

Այս գործով անցնող Արայիկ Խանդոյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը նաև զանգվածային անկարգությունների նախապատրաստման մեջ մեղադրվող Սեֆիլյանի փաստաբանն է: Պապիկյանը հայտարարեց, որ քննվող գործի ընթացքում մեղադրող դատախազները պետք է հրապարակեն նաև Սեֆիլյանի բնակարանը խուզարկելու ապացույցները, քանի որ «Սասնա ծռերից» երկուսը՝ Վարուժան Ավետիսյանը և Պավել Մանուկյանը Սեֆիլյանի հետ միասին մեղադրվում են նաև զանգվածային անկարգությունների նախապատրաստման մեջ։

«Այսինքն այն գործը, որպես այդպիսին, արհեստական, ինչպես բուն «Ծռերի» գործն էր, այն գործն էլ արհեստական է: Էսպես տրոհել են․․․ Հիմա այդ գործով, քանի որ, ենթադրում եմ, այս ապացույցները մեղադրանքի կողմը ցանկանում է օգտագործել Պավել Մանուկյանի կամ Վարուժան Ավետիսյանի դեմ․․․ ես այդպես ենթադրում եմ, որովհետև մեղադրական եզրակացությունը չենք հասկանում: Եվ այդ գործի առանձնացված մասով հիմա քննում են Ժիրայր Սեֆիլյանին և Գևորգ Սաֆարյանին: Էսպես արհեստական տեղավորել են՝ մի կտոր էստեղ, մի կտոր էնտեղ, որովհետև էդ գործը չէին կարողանում վերակենդանացնել»:

Մինչդեռ դատավոր Մեսրոպ Մակյանն ասաց, թե այս փուլում Սեֆիլյանին դատարան բերելու անհրաժեշտություն չկա: Սա էլ հարուցեց «Սասնա ծռերի» անդամների զայրույթը։ Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Սմբատ Բարսեղյանը քննադատական, նաև վիրավորական արտահայտություններ հնչեցրին իշխանության, դատախազների հասցեին: Դատախազները նրանց նույն ոգով պատասխանեցին: Մասնավորապես, երբ մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը խոսքի մեջ մեղադրյալների մասին խոսելիս ասաց ամբաստանյալ, դա դուր չեկավ Արայիկ Խանդոյանին։ Նա հորդորեց չասել ամբաստանյալ բառը, ինչին ի պատասխան դատախազ Արամ Արամյանն ասաց՝ «ձենդ կտրի, այ կենդանի»։

Դատավորը Արայիկ Խանդոյանին չորս ժամով հեռացրեց դատարանի դահլիճից, իսկ դատախազին նախազգուշացրեց, ինչից հետո ամբաստանյալները հեռացան դահլիճից:

Մեսրոպ Մակյանն ասաց․ - «Դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալները ինքնակամ լքեցին դահլիճը»:

Մինչև այս միջադեպը այսօր դատական նիստի հենց սկզբում առաջին անգամ դատավորը որոշում կայացրեց ամբաստանյալների սեղաններից հեռացնել բարձրախոսները, որպեսզի տեղից «առանց թույլտվության չխոսեն և չխանգարեն դատական նիստը»։

Այսօր դատարանում հայտարարվեց, որ «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից Արմեն Բիլյանը, ով մեղադրվում է ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության մեջ, արդեն երեք օր է հացադուլ է հայտարարել։ Նա տեղափոխվել է հացադուլավորների համար նախատեսված խուց։ Վերջինիս հանրային պաշտպան Արմինե Ֆանյանի փոխանցմամբ՝ Բիլյանը պահանջում է, որպեսզի իրեն բուժզննության ենթարկեն քաղաքացիական բուժհաստատությունում։

Ըստ Ֆանյանի, Բիլյանը ողնաշարի խնդիրներ ունի, ինչպես նաև դժգոհում է խցի պայմաններից։

Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ Բիլյանը բողոքել է գլխացավերից, նրան համապատասխան բուժօգնություն ցուցաբերվել է, իսկ ողնաշարի հետ կապված գանգատներ չի ներկայացրել։

Քրեակատարողական վարչությունից նաև փոխանցեցին, որ այս շաբաթ բժշկական աշխատանքային հանձնաժողովը կզզնի Բիլյանին և անհրաժեշտության դեպքում քայլեր կձեռնարկվեն։

Հիշեցնենք՝ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը և ՊՊԾ գնդի գրավումից մեկ ամիս առաջ կալանավորված «Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակումը պահանջող «Սասնա ծռեր» զինված խումբը մոտ երեք տասնյակ անդամներով գնդի տարածքը գրաված պահեց 15 օր, ինչից հետո զենքերը վայր դրեց և հանձնվեց իրավապահներին։ Այդ ընթացքում երեք ոստիկան զոհվեց։ Նախաքննական մարմինը ոստիկաններ Արթուր Վանոյանի, Յուրի Տեփանոսյանի և Գագիկ Մկրտչյանի սպանության մեջ մեղադրում են Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG