Մատչելիության հղումներ

Պուտինը պաշտոնապես կառաջադրվի որպես նախագահի թեկնածու դեկտեմբերի 26-ին


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնապես կառաջադրվի որպես նախագահի թեկնածու դեկտեմբերի 26-ին, այս մասին «Ինտերֆաքսին» հայտնել է Պուտինին աջակցող նախաձեռնող խմբի ղեկավար Ալեքսեյ Անիսիմովը:

Միջոցառումը տեղի կունենա նախաձեռնող խմբի հավաքին: Խմբի կազմում են «Ժողովրդական ճակատի», «Եդինայա Ռոսիա» իշխող կուսակցության ներկայացուցիչները, իսկ կազմակերպչական աշխատանքներով զբաղվում է Պուտինի մտերիմ թիմակից, Պետդումայի մշակույթի հարցերով հանձնաժողովի ղեկավար, ռեժիսոր Ստանիսլավ Գովորուխինը։

Ավելի վաղ՝ դեկտեմբերի 14-ին, Պուտինը հայտարարել էր, որ գնում է ընտրություններին որպես ինքնաառաջադրված թեկնածու և օրենքի համաձայն պետք է 500,000 ձայն ներկայացնի Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Կրեմլն այս օրերին ակտիվ զբաղվում է այս հարցով, ստեղծվել է Պուտինի աջակիցների մի խումբ, որ զբաղվում է թե՛ ձայներ հավաքելով, թե՛ Պուտինի PR-ով:

Մինչդեռ Ռուսաստանի երբեմնի ամենահարուստ մարդ, «Յուկոսի» նախկին սեփականատեր Միխայիլ Խոդորկովսկին երեկ բաց նամակով դիմել էր Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Էլա Պամֆիլովային, կոչ անելով չգրանցել Պուտինին որպես նախագահի թեկնածու, քանի որ նա հինգերորդ անգամ նախագահ ընտրվելու իրավունք չունի։ Իր նամակում Խոդորկովսկին, մասնավորապես, գրում է․ - «Պուտինը դե ֆակտո նախագահում է արդեն տասնյոթ տարի, հիմա վերջանում է իր նախագահության չորորդ ժամկետը։ Երրորդ ժամկետին՝ 2008 - 2012 թվականներին, նրան միայն ֆորմալ փոխարինել է Դմիտրի Մեդվեդևը, ով և ոչ մի օր չի եղել լիարժեք և ինքնուրույն նախագահ, ինչը Ռուսաստանի սահմանադրության խախտում էր։ Այս մասին գիտեն բոլորը»:

Խոդորկովսկին այս բաց նամակը երեկ է հրապարակել: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Էլա Պամֆիլովան այսօր մեկնաբանել է Խոդորկովսկու նամակը․ - «Ես չեմ վախենում պատասխանատվությունից, քանի որ իմ որոշումներում հիմնվում եմ միայն Սահմանադրության, օրենքի և իմ սկզբունքների վրա»։

Ռուսաստանում պաշտոնապես ադեն սկսվել է նախագահական ընտրարշավը, այս պահին ընտրություններին մասնակցելու մասին հայտարարել են գործող նախագահը, լրագրող Քսենիա Սոբչակը, կոմունիստ Գենադի Զյուգանովը, Վլադիմիր Ժիրինովսկին, ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին, ում, սակայն, ամենայն հավանականությամբ չեն գրանցելու որպես թեկնածու դատվածության պատճառով, և «Յաբլոկո» կուսակցության հիմնադիր, նախագահական ընտրությունների մշտական մասնակցի Գրիգորի Յավլինսկին, ով, ի դեպ, «Դոժդ» հեռուստաընկերության եթերում երեկ հայտարարել է, որ բոլորովին վերջերս հանդիպել է Ռուսաստանի նախագահ, փաստորեն ընտրություններին իր մրցակից Վլադիմիր Պուտինի հետ և քննարկել Ուկրաինայում պատերազմին վերջ տալու հարցը:

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը այս տեղեկությունը հաստատել է, սակայն այլ մանրամասներ չի հայտնել, միայն ասել է, որ նման շփումներ Պուտինի և Յավլինսկու միջև մինչ այդ էլ եղել են, իսկ թե ինչի մասին են խոսել Յավլինսկին և Պուտինը՝ Պեսկովը չգիտի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG