Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել և քննարկումներ է ունեցել մարզի Ճամբարակ և Շողակաթ խոշորացված համայնքների ղեկավարների և բնակիչների հետ:
Ըստ նախարարության հաղորդագրության, հիմնական հանդիպումները կայացել են Ճամբարակ համայնքի Արծվաշեն բնակավայրի բնակիչների հետ:
Հանդիպման ժամանակ բնակիչները կրկին բարձրաձայնել են գույքի փոխհատուցման հարցը, սակայն նախարարը հիշեցնելով, որ կառավարությունն արդեն 3 անգամ փոխհատուցում տրամադրել է, ասել է, որ այդ ձևով օգնության տրամադրումն արդյունավետ չէ:
«Ճամբարակ համայնքում, որպես սահմանամերձ տարածք, առաջիկայում տարբեր տնտեսական ծրագրեր են իրականացվելու՝ 3-5 տոկոս վարկավորմամբ», - տեղեկացրել է Լոքյանը, ինչին ի պատասխան բազմաթիվ բնակիչներ համաձայնել են և պատրաստակամություն են հայտնել առաջիկայում տնտեսական ծրագրեր ներկայացնել:
Միաժամանակ նախարարն այցելել է Արծվաշենի մի քանի բնակիչների տներ, զրուցել նրանց հետ, ծանոթացել պայմաններին:
Մարզային այցի ավարտին Լոքյանը Շողակաթ համայնքում հանդիպել է խոշորացված համայնքների ղեկավարների և վարչական ներկայացուցիչների հետ՝ քննարկել համայնքների 2018 թվականի համայնքային բյուջեները՝ մուտքային և ծախսային մասով:
«Նախարարն իր գոհունակությունն է հայտնել առ այն, որ սեփական եկամուտների 20 տոկոս աճ է արձանագրվել, իսկ ընդհանուր բյուջեի 30 տոկոսը նախատեսված է կապիտալ ծախսերի և տարբեր սարքավորումների ձեռքբերման համար», - ասված է հաղորդագրությունում:
Քննարկումների ավարտին նախարարը տեղեկացրել է, որ հունվարից Տարածքային կառավարման և զարգացման նախարարության և Գեղարքունիքի մարզպետարանի աշխատանքային խմբերը կայցելեն նշված համայնքներ և կվերհանեն համայնքներին, մասնավորապես Արծվաշենին վերաբերող խնդիրները: